Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս կարող են բարերարները բավարարել Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ կարիքները


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Վերջերս Միացյալ Նահանգների Քոլգեյթի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր Փիթեր Բալաքյանը վերլուծական մի հոդված էր գրել հետևյալ վերնագրով` «Խզված կապ. հայկական գործարար համայնքը և մշակույթի կերտումը»:

Բալաքյանն իր հոդվածում ափսոսանք է հայտնում, որ ամերիկահայ համայնքին չհաջողվեց աջակցել Հայոց ցեղասպանության առաջարկված ցուցահանդեսին Իլինոյիսի Հոլոքոսթի թանգարանում, 2015 թվականին Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:

«Արարատ լեռան ստվերը. Հայոց ցեղասպանությունը» անունը կրող ցուցահանդեսը պետք է ներկայացվեր ոչ միայն Իլինոյիսի Հոլոքոսթի թանգարանում, որը երկրորդ խոշորագույն նման հաստատությունն է Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ երկրում, և հնարավոր է Եվրոպայում ու Հարավային Ամերիկայում:

Բալաքյանն իր հիասթափությունն է արտահայտում, որ Չիկագոյի հայ համայնքը չկարողացավ հավաքել ֆինանսավորման համար անհրաժեշտ 600 հազար դոլարը, որի պատճառով նախատեսված ցուցահանդեսը չեղյալ համարվեց: Նրա կարծիքով, այս միջադեպն «ընդհանրապես արտացոլում է Միացյալ Նահանգներում հայկական համայնքի մշակույթ ստեղծելու մեծ անհաջողությունը, որով ես նկատի ունեմ՝ օգտագործել ֆինանսական միջոցները մշակութային գործեր հղանալու և արարելու համար»: Բալաքյանը կարծում է, որ ամերիկահայերը «գրեթե ոչինչ չունեն ցուցադրելու մշակութային արժեքների բնագավառում ամերիկյան մասշտաբով»: Չհաշված որոշ բացառություններ, «հայերը չեն ստեղծել ամերիկյան մասշտաբով մշակութային հիմնադրամներ, թանգարաններ, և կատարողական արվեստի կենտրոններ»:

Բալաքյանը դժգոհում է, որ «հայկական գործարար համայնքը չկարողացավ իրականություն դարձնել Հայոց ցեղասպանության կամ հայոց պատմության այլ դեպքերի մասին մի գեղարվեստական ֆիլմ»: Նա մեջբերում է մի հրեա գիտնականի, որը նրան ասել է. - «Թվում է, թե կապը խզված է հայ գործարարների և արվեստագետների միջև. գործարարները չեն հասկանում, որ ներդրումներն արվեստի բնագավառում նշանակում են ներդրումներ հայ քաղաքակրթության գոյության շարունականության մեջ: Համայնքի մշակույթում ներդրում անելը պետք է ընկալվի որպես հայ ժողովրդի անցյալի և ներկա լինելիության գովերգություն, մի բան, որը թուրք չարագործները փորձում էին ջնջել: Սա, իհարկե, հրեական արվեստում հրեական բազմաթիվ ներդրումների փիլիսոփայությունն է: Սա՝ «Հիտլերին գրողի ծոցն ուղարկելու» մոտեցում է»:

Թեև ես կիսում եմ Բալաքյանի մտահոգությունները, սակայն կցանկանայի որոշ լրացուցիչ մտքեր արտահայտել այս կարևոր թեմայի առնչությամբ.

1. Հայ բարերարների մեծ մասը նախընտրում է իր ավանդը ներդնել և անունը կապել շոշափելի ծրագրերի հետ, ինչպիսին եկեղեցիներն ու դպրոցներն են, այլ ոչ թե վերացական ձեռնարկներում, ինչպիսին հանրային կապերն ու արվեստն են: Սակայն, բոլորը պետք է գիտակցեն, որ մեծահարուստ հայերն իրավունք ունեն իրենց դժվարությամբ վաստակած դրամը ծախսել այնպես, ինչպես իրենք են կամենում: Դա իրենց դրամն է, և նրանք են որոշում՝ ինչպես այն ծախսել:

2. Հայկական սփյուռքի և Հայաստանի Հանրապետության կարիքներն այնքան վիթխարի են, որ գործնականում անգամ առատաձեռն բարերարների համար անհնար է բավարարել բոլորի պահանջները:

3. Չկան հաստատված մեխանիզմներ համայնքի կարիքների առաջնահերթության սահմանման և ըստ արժանվույն գնահատման համար: Բարերարներն ու բարեգործական կազմակերպությունները խեղդված են խնդրանքներով` ֆիլմերի, հրատարակությունների, արվեստի գործերի, Հայաստանի օգնության, հուշարձանների, հուշահամալիրների, եկեղեցիների, դպրոցների և մանկատների ֆինանսավորման համար: Շատ քիչ բարերարներ ժամանակ և փորձառություն ունեն գնահատելու համար բազմաբնույթ ոլորտներից ներկայացվող ծրագրերի որակն ու օգտակարությունը:

4. Երբեմն ծրագրերը ֆինանսավորվում են ոչ թե ըստ դրանց արժանիքների, այլ նվիրատուի և ստացողի միջև անձնական հարաբերությունների հիման վրա: Այն կարող է կախված լինել նրանից, թե ով է խնդրատուն:

5. Թեև հայերը բավականին առատաձեռն են իրենց համայնքի կազմակերպություններին աջակցելու գործում, սակայն խնդրանքները հաճախ գերազանցում են առկա դրամական միջոցները: Հնարավոր չէ անվանել կարիքի թեկուզ մի ոլորտ, որ բավարար չափով ֆինանսավորվում է, այդ թվում՝ սոցիալական, մշակութային, կրոնական, քաղաքական, մարզական և մարդասիրական գործունեությունները: Կարելի՞ է արդյոք ասել, որ դրամական միջոցները բավարար են, որպեսզի կարողանանք`

- Տպագրել այն բոլոր գրքերը, որոնք արժանի են հրատարակման:

- Թվայնացնել հին ձեռագրերը և արժեքավոր արխիվային նյութերը մինչ դրանց ընդմիշտ կորուստը:

- Արտադրել պրոֆեսիոնալ նկարահանված գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր Հայոց ցեղասպանության և այլ թեմաներով:

- Ֆինանսավորել Ցեղասպանության հարյուրամյակի ծրագրերը:

- Միջոցներ տրամադրել քաղաքական թեկնածուների ընտրության համար, որոնք սատարում են հայկական հարցերին:

- Հովանավորել համերգներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, թանգարաններ, բժշկական, գիտական և այլ արժանի անհամար ծրագրեր:

- Բավարարել սիրիահայերի գոյատևման և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի աղքատների ու անապահովների կենսական կարիքները:

Իհարկե, նվիրատուները կարող են շատ բան անել համայն հայության անվերջ թվացող կարիքները հոգալու համար: Այնուամենայնիվ, նախ պետք է ստեղծել մի մեխանիզմ ճշտելու համար զանազան կարիքների առաջնահերթությունները, գնահատել դրանց արժանիքները և պատրաստել պրոֆեսիոնալ ծրագիր նվիրատուին ներկայացնելու համար: Վերջապես, նվիրատվությունն ստանալուց հետո, պետք է ներկայացնել պարբերական հաշվետվություններ նվիրատուին ծրագրի առաջընթացի վերաբերյալ` ցույց տալով, որ տրամադրված միջոցները պատշաճ ձևով ծախսվել են խոստացված նպատակներին հասնելու համար:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG