Մատչելիության հղումներ

Արտգործնախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն երեքշաբթի ընդունել է իր առաքելությունն ավարտող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

Նախարար Նալբանդյանը, ըստ Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության վարչության, շնորհակալություն է հայտնել Լեֆորին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը նպաստող երկուսուկեսամյա աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրա հետագա գործունեության ընթացքում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձել տարածաշրջանային հակամարտությունների և դրանց հանգուցալուծման նպատակով գործադվող ջանքերին:

Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա՝ ընդգծելով, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին և հորդորներին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG