Մատչելիության հղումներ

Թուրքիայում բազմամարդ երթերով են նշել Դինքի սպանության տարելիցը


Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլում անցկացված երթը:
Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլում անցկացված երթը:
Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցը Թուրքիայի տարբեր քաղաքներում նշվել է բազմահազարանոց երթերով:

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին:

«Ակոս»-ի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հնարավոր չէ արդար դատաստան ակնկալել մի պետությունից, որը կազմակերպել էր Դինքի սպանությունը:

«Դատավարությունը, մենք բոլորս համոզված ենք, որ երբեք արդարություն չի հանգելու, որովհետև պետական ոճրի զոհ գնաց: Պետությունն էր այդ ոճրի կազմակերպողը, հիմա դատողը դարձյալ պետությունն է: Հետևաբար այս դատարանից ոչ ոք արդարություն չի ակնկալում: Հասարակությունն էլ չունի, Հրանտի ընտանիքն էլ այդպիսի ակնկալություն չունի, մենք` ընկերներս էլ չունենք», - նշեց նա:

Երեկ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ ու քաղաքական գործիչներ: Սգո երթի մասնակիցները կրում էին պաստառներ` «Հրանտ ենք», «Բոլորս հայ ենք», «Հրանտի համար», «Արդարության համար» գրություններով:

«Մահից հետո էլ Հրանտը իր ընդդիմադիր շունչը պահում է երկրի վրա», - ասաց Իստուկյանը:

Մի քանի տարի ձգված դատավարությունից հետո` 2012 թվականին Դինքի սպանության համար դատարանը 23 տարվա ազատազրկման դատապարտեց 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթին, սպանությունը պատվիրած Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ երեկ հայտարարություն է տարածել Եվրոպայում համագործակցության և անվտանգության կազմակերպությունը (ԵԱՀԿ): «Հրանտ Դինքի սպանությունից 7 տարի անց այս ահավոր հանցագործության հետևում կանգնած կազմակերպիչները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել», - ասել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը` ընդգծելով. - «Թուրքիայի իշխանությունները պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը և այլևս չհետաձգեն արդարության վերականգնումը»:

Իսկ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն (Ժողովրդա-հանրապետական կուսակցություն) խորհրդարանին առաջարկել է Ստամբուլի Շիշլի թաղամասի փողոցներից մեկը անվանել «հանրային համերաշխության և մշակութային բազմազանության խորհրդանիշ ընկալվող» Հրանտ Դինքի անունով:

Թուրքիայում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նման առաջարկ Ստամբուլի քաղաքապետարանին արվել էր դեռ 2010 թվականին, սակայն քաղաքային խորհուրդը քվեարկությամբ մերժել էր այն: Գոչունյանի խոսքով` առաջարկը օրակարգից չի հանվել, սակայն պաշտոնական որևէ առաջընթաց չկա. - «Բայց հասարակության մոտ մեծ ցանկություն կա, որպեսզի այդ շրջանի պողոտաներից մեկը կոչվի Հրանտ Դինքի անունով»:
XS
SM
MD
LG