Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը կոչ է անում քրեականացնել «սելեկտիվ աբորտները»


Մանկապարտեզ Հայաստանում, արխիվ
Մանկապարտեզ Հայաստանում, արխիվ

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շեշտում է, որ ԵԽ-ի անդամ մի շարք երկրներում,՝ այդ թվում Հայաստանում, տղաների և աղջիկների համամասնությունը խախտված է:

Եվրոպայի խորհուրդը կոչ է անում անդամ պետություններին՝ այդ թվում Հայաստանին, քրեականացնել «սելեկտիվ աբորտները»՝ ընդհանրապես արգելելով դրանք: Չորեքշաբթի օրը իր պաշտոնական կայքէջում նման հայտարարություն է զետեղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:

Խոսքը, հիշեցնենք, այն դեպքերի մասին է, երբ ծնողները, բժշկական հետազոտության արդյունքում տեղեկանալով ապագա երեխայի սեռի մասին, որոշում են ընդհատել հղիությունը:

«Նման քայլերի արդյունքում Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք պետություններում աղջիկների և տղաների համամասնությունը լրջորեն խախտվել է` հօգուտ վերջինների», - նշում է Մուժնիեկսը` կոնկրետ թվային ցուցանիշներ ներկայացնելով:

«Որպես կանոն, նորածինների համամասնությունը հետևյալն է` 102-106 տղա նորածիններին բաժին է ընկնում 100 աղջիկ: Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք պետություններում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ալբանիայում, մասամբ նաև Կոսովոյում, Չերնոգորիայում և Մակեդոնիայի որոշ շրջաններում, տղաների և աղջիկների համամասնությունը խախտված է: 2013 թվականին ՄԱԿ-ի կազմած հետազոտության համաձայն՝ Հայաստանում 100 նորածին աղջիկներին բաժին էր ընկնում 114-115 տղա», - նշում է Եվրախորհրդի հանձնակատարը:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Եվրոպայի խորհուրդը անդրադառնում է այս խնդրին: 2011-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն արդեն իսկ քննարկել էր այս հարցը՝ կոչ անելով եվրոպական պետություններին խնդրին օրենսդրական լուծում գտնել: Տարիների ընթացքում, սակայն, որևէ էական տեղաշարժ այդպես էլ չի նկատվել: Իսկ Հայաստանի պարագայում նույնիսկ հետընթաց է արձանագրվում, քանի որ 2011-ից ի վեր տղաների և աղջիկների անհավասարաչափ համամասնությունը է՛լ ավելի է խախտվել:

Նիլս Մուժնիեկսը, խոսելով հնարավոր օրենսդրական լուծումների մասին, նկատում է, որ Եվրոպայի խորհրդի` 1997-ի ապրիլին ընդունված Մարդու իրավունքների և բիոբժշկության մասին կոնվենցիան հստակորեն դատապարտել է սելեկտիվ աբորտները: «Եվրոպայի խորհրդին մաս կազմող 47 պետություններից միայն 29-ն են միացել այս կոնվենցիային` այդ թվում Ալբանիան և Վրաստանը: Հայաստանն ու Ադրբեջանը կոնվենցիան չեն ստորագրել», - նկատում է հանձնակատարը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է, մի կողմից, իրավական լուծումներ որոնեն, մյուս կողմից՝ պայքարեն սելեկտիվ աբորտներ ծնող խորքային պատճառների դեմ:

«Պետությունները պետք է օրենսդրություն մշակեն և ծրագրեր իրականացնեն, որոնք թույլ կտան վերացնել անհավասարության խորքային պատճառները, որոնք էլ հենց հանգեցնում են այս կամ այն սեռին պատկանելության հիման վրա կատարվող սելեկցիային: Դրա հետ մեկտեղ, պետք է սահմանվեն նորագույն տեխնոլոգիաների կիրառման հստակ էթիկական նորմեր, որոնք կներդրվեն առողջապահության ոլորտի մասնագետների ընկերակցությունների միջոցով», - նշում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը:

«Անհրաժեշտ են հստակ զսպող մեխանիզմներ, որոնք արմատախիլ կանեն այն գործելաոճը, որը խորացնում ու ամրապնդում է կնոջ նկատմամբ բռնության մթնոլորտը: Սեռային պատկանելության հիման վրա իրականացված սելեկտիվ աբորտների համար անհրաժեշտ է քրեական պատասխանատվություն սահմանել», - ընդգծում է Նիլս Մուժնիեկսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG