Մատչելիության հղումներ

Հայերը պետք է հակազդեն կոնգրեսականների հարյուրավոր ճամփորդություններին դեպի Թուրքիա


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թուրքիայի կառավարությունը, նրա լոբբիստական ընկերությունները և թուրք-ամերիկյան կազմակերպությունները միլիոնավոր դոլարներ են ծախսել Կոնգրեսի անդամներին և նրանց աշխատակիցներին Թուրքիա տանելու համար, ամբողջությամբ վճարելով ուղևորությունների հետ կապված բոլոր ծախսերը` նրանց հավատարմությունը գնելու մտադրությամբ:

Սա սովորական գործելակերպ է Վաշինգտոնի «ազդեցություն վաճառողների» համար: Հասկանալի է, որ թուրքամետ հեղինակությունները կցանկանային ազդել Կոնգրեսի որոշումների վրա, քանի դեռ ճամփորդությունները օրինավոր են: Սակայն, ինչպես հետաքննող լրագրող Շեյն Գոլդմաչերն է բացահայտել անցյալ շաբաթ National Journal պարբերականում, Կոնգրեսի անդամները և նրանց նվիրատուները հաճախ են խախտում մշուշապատ կանոնները իրենց շահադիտական նպատակներին հասնելու համար:

Գոլդմաչերն իր «Ինչպես են լոբբիստները թևածում սողանցքների միջոցով» խորագիրը կրող հոդվածն սկսում է նկարագրելով քաղաքական մի արտառոց զույգի միջազգային արկածախնդրությունները՝ ընկած ամենազոր դոլարի հետևից. «Դենիս Հասթերթը և Դիկ Գեբհարդը միմյանց տանել չէին կարողանում, երբ մեկ տասնամյակ առաջ ղեկավարում էին Կոնգրեսը: Սակայն հիմա նրանք տեղափոխվել են K Street [լոբբիստական ընկերությունների փողոց], որտեղ փողի հեղեղը մաքրում է նման անձնական տարբերությունները: Այս օրերին նրանք ձեռք ձեռքի տված, իրենց համապատասխան ընկերությունների հետ միասին աշխատում են որպես Թուրքիայի երկու մեծագույն լոբբիստներ՝ գրպանելով 1.4 միլիոն դոլար տարեկան արժողությամբ լոբբիստական պայմանագրի առյուծի բաժինը»: Զարմանալի չէ, որ հանրապետական Հասթերթը և դեմոկրատ Գեբհարդն անցյալ տարվա ապրիլին Կոնգրեսի ութ անդամների ուղեկցել էին Թուրքիա «ճամփորդության ծախսերի ամբողջական վճարմամբ»:

National Journal-ի հոդվածն ընդգրկում է կոնգրեսականների ուղևորությունները դեպի մի շարք երկրներ, այդ թվում` Թուրքիա, Ադրբեջան և Իսրայել: «Թուրքիան չարաշահում է ամենամեծ սողանցքը» ենթավերնագրի տակ Գոլդմաչերը բացահայտում է Հասթերթի ընկերության կողմից իրականացված մեծածավալ նախապատրաստությունները դեպի Թուրքիա կոնգրեսականների ուղևորության համար, չնայած որ կանոնների համաձայն, լոբբիստներին արգելված է ծրագրել կամ վճարել օրենսդիրների այցելությունները. - «Ամիսներ շարունակ լոբբիստները լայնորեն ներքաշված էին ուղևորության ծրագրման մեջ իրենց բազմաթիվ էլեկտրոնային նամակներով, հեռախոսազանգերով և խորհրդարանում տեղի ունեցած հանդիպումներով: Երբ ուղևորության ժամը հասավ, Հասթերթի ընկերության լոբբիստներից մեկը`Լորի Մաքեյը, հեռախոսային կոնֆերանս անցկացրեց և ամեն օր էլեկտրոնային փոստով նամակներ ուղարկեց Ներկայացուցիչների պալատի մասնակից ութ անդամներին` հանրապետականներ Վիրջինիա Ֆոքսին, Ջորջ Հոլդինգին, Ադամ Քինզինգերին, Թոդ Ռոկիտային, Լի Թերիին և Էդ Ուիթֆիլդին և դեմոկրատներ Շեյլա Ջեկսոն Լիին և Չելի Փինգրիին: Մաքեյը նույնիսկ նրանցից երեքին ճանապարհեց մինչև Վաշինգտոնի Դալեսի միջազգային օդանավակայան և օգնեց նրանց գրանցվել Թուրքական ավիաուղիներում»:

Անտեսելով լոբբիստների վրա դրված արգելքը` ուղեկցելու Կոնգրեսի անդամներին արտասահմանյան այցելությունների ժամանակ, Հասթերթը, Գեբհարդը, Ռոբերտ Մանգասը, Ջանիս Օ’Քոնելը և Կասպիական խմբի մի անհայտ լոբբիստ, միացան Կոնգրեսի պատվիրակությանը Թուրքիայում: Գոլդմաչերը բացատրում է, որ «Թուրքիա կատարած այցելությունը հաստատվել էր համաձայն 1961 թվականի օրենքի` Երկկողմանի կրթական և մշակութային փոխանակման ակտի [MECEA], որը թույլ է տալիս օտարերկրյա կառավարություններին Կոնգրեսի անդամներին և նրանց աշխատակիցներին փոխադրել արտասահման, եթե Պետդեպարտամենտը հաստատել է ժամանման երկրները «մշակութային փոխանակումների» ուղևորությունների համար: Շուրջ 60 երկիր ունի նման թույլտվություն»: Ադրբեջանն ու Թուրքիան այդ երկրների շարքում են, իսկ Հայաստանը` ոչ: Հայաստանի կառավարությունը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Հայաստանը MECEA-ի ծրագրում ընդգրկելու համար:

National Journal պարբերականը նաև հայտնում է, որ «Թուրքիային սատարող շահույթ չհետապնդող բազմաթիվ կազմակերպություններ վճարել են կոնգրեսականների ճամփորդությունն այնտեղ»: Այդպիսի հայտնի խմբերից մեկը Ամերիկայի թուրքական կոալիցիան է (TCA): Հետաքրքրական է, որ TCA-ն որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն աշխատելուց բացի, դրա նախագահ Լինքոլն Մաքըրդին «թուրքամետ քաղաքական գործիչներին փող է բաժանել որպես ընտրապայքարի կոմիտեի գանձապահ»:

National Journal պարբերականի բացահայտումները հիմնավորվում են LegiStorm.com կայքի կողմից, որն ուշադրությամբ վերահսկում է կոնգրեսականների ճանապարհորդություններն ու ֆինանսները: Այն բացահայտում է, որ 2000 թվականից սկսած, 615 կոնգրեսական այցելություններ են եղել դեպի Թուրքիա, որոնց վրա ծախսվել է 3.5 միլիոն դոլար, և որը վճարվել է շահույթ չհետապնդող հետևյալ կազմակերպությունների կողմից. Թուրքիայի ամերիկյան ընկերներ, Ամերիկայի թուրքական ընկերակցությունների խորհուրդ, Համաշխարհային խաղաղության միջդավանական երկխոսության ինստիտուտ, Ստամբուլի կենտրոն, Մերիլենդի երկխոսության ինստիտուտ, Ամերիկայի թուրքական ընկերակցությունների միջատլանտյան դաշնություն, «Պասիֆիկա» ինստիտուտ, Ռումիի միջդավանական երկխոսության ֆորում, Ամերիկայի թուրքական դաշինք, Թուրք-ամերիկյան բիզնես խորհուրդ, Ամերիկայի միջին արևմտյան հատվածի թուրքական դաշնություն, Ամերիկայի թուրքական կոալիցիա, Թուրքիայի գործարարների և արդյունաբերողների կոնֆեդերացիա, Նյու Յորքի թուրքական մշակութային կենտրոն, Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհուրդ և «Turquoise» ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդ:

Միայն 2013 թվականին կոնգրեսականների 87 այց է եղել Թուրքիա, որոնց վրա ծախսվել է 640 հազար դոլար, և 36 ուղևորություն դեպի Ադրբեջան, որոնց վրա ծախսվել է 262 հազար դոլար: Այդ նույն ժամանակահատվածում ոչ մի կոնգրեսական չի հովանավորվել Հայաստան այցելելու համար: Միայն մեկ ուղևորություն է կազմակերպվել դեպի Հայաստան և Արցախ Կալիֆորնիա նահանգի ներկայացուցիչների և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների համար, Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի կողմից` Հայաստանի հյուպատոսության հետ համատեղ:

Ակնհայտ է, որ նման ուղևորությունների շնորհիվ Կոնգրեսի անդամներն ավելի մեծ համակրանքով են լցվում իրենց հյուրընկալող երկրի նկատմամբ: Եթե ամերիկահայ կազմակերպությունները և Հայաստանը չսկսեն հովանավորել նման ուղևորություններ, ապա Կոնգրեսի անդամները կարող են ավելի բարյացակամ դառնալ Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ, և ավելի նվազ սատարող Հայաստանին ու Արցախին:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG