Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ընդդիմությունը շարունակում է պահանջել կառավարության հրաժարականը


Վիտալի Կլիչկոն ելույթ է ունենում հակակառավարական հանրահավաքում: Դեկտեմբեր, 2013 թ.
Վիտալի Կլիչկոն ելույթ է ունենում հակակառավարական հանրահավաքում: Դեկտեմբեր, 2013 թ.
Ընդդիմադիրները պահանջում են նաև պատասխանատվության ենթարկել եվրաինտեգրման կողմնակիցների դեմ բռնությունների պատասխանատուներին, օրենքներ մշակել հատուկջոկատայինների գործողությունների վերաբերյալ:

Ընդդիմությունը նշում է, որ նպատակ ունի հասնել երկրի վարչապետի և ներքին գործերի նախարարի պաշտոնանկությանը:

Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն այսօր Գերագույն ռադայի նիստից առաջ շրջապակել են ամբիոնն ու նախագահությունը և հնչեցրել են իրենց պահանջները:

Խորհրդարանն այսօր պետք է վերանայեր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, սակայն ընդդիմադիր պատգամավորների բողոքի ակցիայի պատճառով խոսնակը ստիպված էր նիստը հետաձգել:

Խորհրդարանի շենքի մոտ կառավարության կողմնակիցները ընդդիմությունից պահանջում էին չխոչընդոտել օրենսդիր մարմնի աշխատանքը:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը հայտարարել է, թե Ուկրաինան անելու է «ամեն ինչ մինչև 2014 թվականի ավարտը Եվրամիության հետ պայմանագիր ստորագրելու ուղղությամբ»` հավաստիացնելով, որ եվրոպական կողմի հետ բանակցությունները շարունակվում են:

Եվրահանձնաժողովի նախագահն այսօր հայտարարել է, թե ԵՄ-ն «չպետք է երես թեքի Ուկրաինայից, որն ազատության է ձգտում»:

«Մենք տեսել ենք, թե որքան բարդ է իրավիճակն Ուկրաինայում և ինչու չպետք է հրաժարվենք մեր հարևան երկրների առջև ստանձնած պարտավորություններից», - ասել է Բարոզուն` ընդգծելով իր հիացմունքը Ուկրաինայում պայքարող ժողովրդի նկատմամբ:

Ուկրաինայի մայրաքաղաքում և այլ խոշոր քաղաքներում եվրաինտեգրման աջակիցների ցույցերը չեն դադարում նոյեմբերից ի վեր, երբ կառավարությունը հայտարարեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու մասին:

Այս օրերին Կիևի Անկախության հրապարակը կրկին մարդաշատ է: Երեկ ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն հայտարարել է նախապատրաստվող կարճատև նախազգուշական գործադուլի մասին` չբացառելով, որ դրան կհետևի երկարաժամկետ գործադուլ:

Երեկ նաև հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Գերագույն դատարանը հրաժարվել է չեղյալ համարել Հարկային օրենսգրքի այն փոփոխությունը, որը զրկում է Վիտալի Կլիչկոյին նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունից: Ըստ այդմ` այլ երկրում մշտական բնակության իրավունք ունեցող անձը չի համարվում Ուկրաինայի մշտական քաղաքացի, իսկ Կլիչկոն Գերմանիայում բնակվելու թույլտվություն ունի և որոշ ժամանակ այնտեղ հարկեր է վճարել:

Կլիչկոյի աջակիցները` «Ուդար» կուսակցության անդամներն այս փոփոխությունը համարում են իրենց առաջնորդի դեմ ուղղված սադրանք, քանի որ ավելի վաղ Կլիչկոն հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել հաջորդ տարվա գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին:
XS
SM
MD
LG