Մատչելիության հղումներ

Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով


Վարդան Պետրոսյան
Վարդան Պետրոսյան
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր ուշ երեկոյան դռնփակ նիստում որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարաձգել դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը։

Կալանքը երկարաձգելու վերաբերյալ դռնփակ նիստը սկսվել էր այսօր ժամը 12-ին և ավարտվեց 21։30-ին։ Հայտնի դերասանը դատական նիստից հետո կրկին տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, Պետրոսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ մահացել են երկու երիտասարդներ։ Ինքը՝ Պետրոսյանը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատության։ Վթարից օրեր անց, երբ դերասանը վատառողջ էր, որոշում կայացվեց նրան ձերբակալելու, մեղադրանք առաջադրելու և կալանավորելու մասին։

Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել այս գործով դատաքննությունը իրականացնել Երևանում, ոչ թե Կոտայքի մարզում։ Փաստաբանը պատճառաբաներ էր, որ այս գործով քննիչը փոխվել է, և այժմ քննություն իրականացնում է Երևանի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեմ պայքարի քննչական բաժինը։ Դատարանը այս միջնորդությունը մերժեց։

Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում դերասանին սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:
XS
SM
MD
LG