Մատչելիության հղումներ

Ոստիկանությունն ուսումնասիրում է ՀՊՏՀ-ում տեղի ունեցածը


Ոստիկանությունն ուսումնասիրում է ՀՊՏՀ-ում տեղի ունեցածը
please wait

No media source currently available

0:00 0:04:57 0:00
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով ոստիկանությունը ուսումնասիրում է երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցած միջադեպին առնչվող նյութերը՝ հետագայում գնահատականներ տալու նպատակով։

Երեկ, հիշեցնենք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական աշխատության պաշտպանությանը լրագրողները չեն կարողացել ներկա գտնվել դահլիճի մուտքը հսկող որոշ ուսանողների ագրեսիվ պահվածքի պատճառով, ովքեր հայհոյախառն արտահայտություններով, գռեհիկ պահվածքով փակել էին դեպի դահլիճ տանող ճանապարհը։

Լրագրողական հանրությունը կատարվածը որակում է խայտառակություն՝ մեղադրելով ոչ միայն ուսանողներին։ Նրանք համոզված են, որ ուսանողների թիկունքում կանգնած են եղել հենց համալսարանի ռեկտոր, Մարգարյանի գիտական ղեկավար Կորյուն Աթոյանը, ինչպես նաև փակ դռների հետևում գիտական աշխատությունը պաշտպանող քաղաքապետ Տարոն Մարգարյանը` իր թիմով։ Պաշտպանությունից հետո Մարգարյանը, սակայն, հայտարարել է, թե տեղյակ չի եղել կատարվածին։

Լրագրողների տեսանյութերից պարզ երևում է, որ համալսարանի ռեկտորը ուսանողների ջանքերին ավելացնելով իրենը` խափանում է նրանց մուտքը դահլիճ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ու «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը այս ամենը համարում են քաղաքապետի թիմի ու համալսարանի ղեկավարության ձեռքի գործը։

«Քաղաքապետը և իր թիմը պատրաստ չէ հանրությանը ներկայանալու», - նշեց Մելիքյանը:

«Սա և' Տարոնի խայտառակությունն էր, և' այս բուհի խայտառակությունն էր, և' ընդհանրապես իշխանության», - որակեց Արմինե Օհանյանը:

Վկայակոչելով Հայաստանի քրեական օրենսգիրքը` Մելիքյանը կատարվածը համարում է լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դասական օրինակ. - «Կարծում եմ, որ սա կարելի դիտարկել Քրեական օրենսգրքի 164 հոդվածով և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»:

Օհանյանի խոսքով` ռեկտորը փորձել է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել. - «Ամենավերջին խայտառակ պաշտպանությունն ավելի նախընտրելի կլիներ, քան այն վիճակը, որ ստեղծեցին նրանք բուհում: Այս ռեկտորը պիտի չաշխատի: Մի մարդ, որը բուհի ղեկավար է և չի հասկանում, որն է լրագրության իմաստը, որն է լրագրողների աշխատանքը»:

Տեսագրություններում երևում է, որ ռեկտոր Աթոյանը լրագրողներին արգելելով նկարահանել՝ պատճառ էր բերում թույլտվություն չստանալը։ Հետո էլ, երբ լրագրողները թույլտվություն են խնդրում, շարունակում է արգելել նկարահանել՝ պատճառաբանելով, թե տարեկան բազմաթիվ աշխատություններ են պաշտպանվում, ինչու դրանցով լրագրողները չեն հետաքրքրվել։

Նույնը հարցը Ֆեյսբուքի իր էջում հնչեցնում է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ «Հայաստանում տարեկան միջինը 500 պաշտպանություն է լինում: Եթե «գիտության ջահակիր» եք, ապա քանիսի՞ն եք ցանկացել մասնակցել և լուսաբանել», - լրագրողներին է հարցնում Աշոտյանը՝ շարունակելով. - «Քաղաքականացված բեմադրությունները պահեք կրթության և գիտության ոլորտներից հեռու»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը հիշեցնում է, որ գիտական աշխատանքը պաշտպանողը ոչ թե շարքային գիտաշխատող էր, այլ բարձրաստիճան պաշտոնյա, ով գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։ «Եթե քաղաքապետը կամ նրա թիմակիցները դեմ են դրան, ապա չպետք է քաղաքական պաշտոն զբաղեցնեն», - ընդգծում է նա:

Ինչ վերաբերում է ոստիկանության ներկայացուցչի պահվածքին, ով խնդիրը հարթելու փոխարեն այն ավելի էր սրում իր արտահայտություններով, Մելիքյանը սա առաջին դեպքը չի համարում՝ հիշատակելով անցած ընտրություններում ոստիկանների անտարբեր, երբեմն կողմնակալ պահվածքը։

Մինչ լրագրողական հանրությունը շարունակում է քննադատել Տարոն Մարգարյանի՝ սկանդալի վերածված պաշտպանությունը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը տարածած հայտարարությունում ներողություն է խնդրում այդ իրավիճակին ականատես դարձած «աղջիկներից, կանանցից ու լրագրողներից», որոնց, ինչպես ուսանողական խորհուրդն է բնորոշում` «ակամայից նեղացրել են ուսանողները»։

Համալսարանի ուսանողական խորհուրդը՝ ի դեմս նրա նախագահ Սևակ Խաչատրյանի, որ երեկ ևս ջանքեր չի խնայել արգելելու լրագրողների մուտքը դահլիճ, ափսոսանք է հայտնում իր և իր ընկերների արարքների համար՝ դրանք որակելով համալսարանական միջավայրին ոչ հարիր։
XS
SM
MD
LG