Մատչելիության հղումներ

Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին «կզարգացնի մրցակցությունը»


ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյան
ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյան
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը համաձայն չէ որոշ տնտեսագետների հետ, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսությունում մրցակցային դաշտն ավելի կվատանա, կշատանան գերիշխող դիրք ու մենաշնորհ ունեցողները։

«Ճիշտ հակառակը, ՄՄ-ին անդամակցելը մեծ դեր ու նշանակություն կունենա մրցակցության զարգացման, շուկաների կենտրոնացվածության աստիճանի թուլացման վրա»,- չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շաբոյանը։

Հայաստանը փոքր է, ներքին շուկաները՝ սահմանափակ, դրա համար էլ մրցակցության խնդիր ունենք, տեղական արտադրանքը չի կարողանում գնային առումով հաջողությամբ մրցակցել ներմուծված շատ ապրանքների հետ, ասում է պաշտոնյան։

«Արտադրության ծավալներ չեն մեծանում, մեր երկրում շատ ներդրումներ չեն կատարվում այն պարզ պատճառով, որ մեր ներքին շուկաները սահմանափակ են, և տնտեսվարողների համար իրացումը բավականին մեծ խնդիր է ներկայացնում։ ՄՄ մտնելուց հետո մեր տնտեսվարողների համար մեծ հնարավորություններ են բացվելու արտահանման և արտաքին շուկաների ձեռքբերման առումով»,- կարծում է Շաբոյանը։

Ըստ ՏՄՊՊՀ-ի նախագահի, այս ամենի արդյունքում շատ ապրանքային շուկաներում կնվազի կենտրոնացվածությունը։

Ինչ վերաբերում է անցնող տարվա ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքներին, ապա Շաբոյանը թվարկեց տնտեսվարողների կողմից գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնության բազմաթիվ դեպքեր, որոնց առնչությամբ հանձնաժողովը տարբեր չափերի տուգանքներ է կիրառել։

«Դեղերի ներմուծման և իրացման, ջրամատակարարման, երկաթուղային տրանսպորտի, քաղաքային հեռախոսակապի, միջմարզային ուղևորափոխադրումների բնագավառներում չարաշահող տնտեսվարողները ենթարկվել են խիստ պատասխանատվության։ Հանձնաժողովը բացահայտել է նաև հակամրցակցային համաձայնության բազմաթիվ դեպքերը, ութը տնտեսվարողներ դրա համար ենթարկվել են խիստ պատասխանատվության»,- հայտարարեց Շաբոյանը։

Դիտարկմանը, թե այդուհանդերձ, կոնկրետ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ առնչվող ընկերությունը շարունակում է շուկա հանել այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճանի նման օղիներ, Շաբոյանը պատասխանեց, որ իրենք դատարանի որոշումը փոխանցել են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, որն էլ պետք է շրջանառությունից հաներ այդ ապրանքատեսակները։

Տնտեսագետ Սամվել Ավագյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախորդ որոշումներից մեկի հիման վրա ԴԱՀԿ-ն կապարակնքել է «Ալեքս Գրիգի» պահեստներից մեկը։ Ինչ վերաբերում է հետագայում այդ օղիների հայտնվելուն, ապա տնտեսագետի կարծիքով՝ հանձնաժողովը հետևողական չի եղել այդ հարցում։

«Պետք էր նորից վարույթներ հարուցել, նորից գործընթացը սկսել, որը չի արվել։ Այդ անգործությունը արդեն հանձնաժողովի մեղավորությունն է։ Վաղուց էր պարտավոր անել, որովհետև մի կարճ շրջան եղավ, երբ այդ օղիները հանվեցին շուկայից, մեկ ամիս տևեց։ Մեկ ամիս հետո նորից լցվեցին խանութները»,- ասաց տնտեսագետը։

Թեև տուգանքների չափերը բարձրացվել են, սակայն Ավագյանն ասում է՝ մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել առավելագույն տուգանքի չափով, այսինքն 200 միլիոն դրամով։

«Օրինակ, «Ալեքս Գրիգին» վաղուց պետք է ոչ միայն առավելագույն տուգանք նշանակել, այլև այնպիսի վարույթներ կիրառել, որ ընկերության մենաշնորհը շուկաներում կոտրվի, վերանա։ Այսինքն գուցե կարող է լինել և կոռուպցիոն ռիսկ, նաև այն, որ հանձնաժողովը բավարար լծակներ ու քաղաքական կամք չունի այդ գործարարի վրա ազդելու»,- ասաց Ավագյանը։
XS
SM
MD
LG