Մատչելիության հղումներ

Ձկնաբուծարանները ջրազրկում են Արարատի և Արմավիրի գյուղերը


Ձկնաբուծարանները ջրազրկում են Արարատի և Արմավիրի գյուղերը
please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00

Ձկնաբուծարանները ջրազրկում են Արարատի և Արմավիրի գյուղերը

Արարատի և Արմավիրի մարզի բնակիչները հորդորում են կառավարությանը փակել խոշոր ձկնաբուծարանների արտեզյան հորերը։

Այս մարզերը կանգնած են ջրազրկման վտանգի առջև խոշոր ձկնաբուծարանների պատճառով։ Բնակիչները պնդում են, թե վերջին հինգ տարիներին ձկնաբուծարանները մեծ թվով արտեզյան խոշոր հորեր կառուցեցին, ինչն էլ հանգեցրեց իրենց սպասարկող հորերի ցամաքեցման։

Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Ներսես Ենոքյանը ցույց է տալիս հարևան Արարատի Հովտաշատ գյուղի տարածքում գտնվող ձկնաբուծարանները, որոնք էլ այս երկու մարզերի գյուղերի ջրազրկման պատճառ են դարձել։

Հովտաշատի գյուղապետարանում հրաժարվեցին խոսել այս խնդրի մասին։ Մինչդեռ բնակիչները պնդում են, թե վերջին տարիներին մեծ ծախսեր են կատարել, պոմպեր տեղադրել, որպեսզի չզրկվեն ոռոգման ու խմելու ջրից։

«Ամբողջ տարածքը ձկնաբուծարաններ են։ Ամեն մորից ծնվողը մի հատ լիճ շինեց, երկու հատ աղբյուր խփեց, դրա համար էլ ցամքավ գյուղի ջուրը։ Ո՞ւմ բողոքենք... ում բողոքել ենք, դրական պատասխան չենք ստացել»,- ասում էր մի հովտաշատցի։

Կառավարությունը փորձում է կարգավորել ձկնաբուծության ոլորտը՝ առաջարկելով ավելացնել ապօրինի ջրօգտագործման համար սահմանված տուգանքները։

Սա միայն Հովտաշատի խնդիրը չէ։ Հարևան Գայ գյուղի կենտրոնում արտեզյան հոր կա, որը ժամանակին ջուր էր ապահովում գյուղի մի մասին։ Այն այժմ չի օգտագործվում, ընդերքում պարզապես ջուր չկա։

Գյուղացիները պնդում են, թե այս երկու մարզերի ձկնաբուծարանները պատկանում են բարձրաստիճան պաշտոնյաների, հատկապես շոշափվում է Ազգային ժողովի նախագահ, հանրապետական Հովիկ Աբրահամյանի անունը։ Նշվում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունները։ Մամուլում ևս շրջանառվում են նրանց անունները։

Ինչպես հարևան գյուղերում, Գայ գյուղում բնակիչները այլ ելք չտեսնելով, սեփական միջոցներով տներում պոմպեր են տեղադրել՝ ընդերքից ավելի շատ ջուր հանելու համար։ Պոմպեր են տեղադրվել նաև թաղամասերում։ Դրանցից մեկը սպասարկում է 27 ընտանիքի։

Սեփական միջոցներով նախկին արտեզյան հորերը օգտագործող գյուղացիները մտահոգվում են, որ դրանք գնալով ցամաքում են ձկնաբուծարանների կողմից ընդերքն անխնա օգտագործելու պատճառով։ Դա է վկայում հորից վերցվող ջրի որակը, այն ողողված է ավազով.- «Նայեք ինչ ջուր են խմում մարդիկ»։

Գայ գյուղի գյուղապետի տեղակալ Խուրշուդ Քոչարյանը ժամանակին արհեստական լիճ է ունեցել, որը սնվում էր արտեզյան հորից։ Այն արդեն ցամաքել է։ Եթե այսպես շարունակվի, ապա գյուղի 15 արտեզյան հորերի վրա կարիք կլինի պոմպեր տեղադրել,ասում է Քոչարյանը՝ մտահոգվելով սակայն, որ դրանք մի օր կցամաքեն։

«Որովհետև օրավուր, տարին տարվա վրա դրանց մակարդակն էլ է իջնում»,- բացատրում է Քոչարյանը։

Գյուղապետի տեղակալն ասում է, որ բազմիցս դիմել են կառավարություն՝ խնդրելով պակասեցնել ընդերքը քամող հորերի թիվը։ Առայժմ արդյունքի չեն հասել։

«Հիմա ոնց որ թե կառավարությունը սկսել է մի գործընթաց, արտեզյան հորերը փակում են, և հզոր հորերի ջրաթողունակությունն են պակասեցնում, բայց ինձ անձամբ չի բավարարում այդ գործընթացը, որովհետև պիտի գնան Արարտի մարզի հզոր հորերը փակեն, էկել են ստեղ, ստեղ են փակում առանց էն էլ փակված հորերը։ Թող ձուկն էլ մի քիչ քիչ լինի։ Ձո՞ւկն է կարևոր, թե՞ ջուրը»,- հարցնում է Քոչարյանը։

Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանն «Ազատությանը» փոխանցեց Աբրահամյանի հերքումը՝ նա այդ մարզերում ձկնաբուծարաններ չունի, փոխարենը ձկնաբուծարաններ ունի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։
XS
SM
MD
LG