Մատչելիության հղումներ

Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը


Նալբանդյան - Դավութօղլու հանդիպումը Երևանում, լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի
Նալբանդյան - Դավութօղլու հանդիպումը Երևանում, լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է պաշտոնական Երևանի սկզբունքային դիրքորոշումը հայ - թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։ Այդ մասին ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) հետագա գործունեությանը և ծրագրերին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում նշված է ՍԾՏՀԿ-ի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ Էդվարդ Նալբանդյանի մի շարք այլ հանդիպումների մասին ևս։

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՍԾՏՀԿ-ի նախագահությունը այսօր ստանձնած Բուլղարիայի արտգործնախարար Կրիստիան Վիգենինի, ՍԾՏՀ-ի գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունի, Ռուսաստանի, Սերբիայի, Վրաստանի, Հունաստանի, Ալբանիայի, Մոլդովայի փոխարտգործնախարարների, Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղարի հետ։

Վիգենինը հրավիրել է Նալբանդյանին պաշտոնական այց կատարել Սոֆիա։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզիայի հետ հանդիպման ժամանակ, ըստ հաղորդագրության, քննարկվել են Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած պետական այցելության ընթացքում «հայ - ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր», հանգամանալից անդրադարձ է կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության նախապատրաստական աշխատանքներին։

Սերբիայի փոխարտգործնախարար Ռոկսանդա Նինչիչը Նալբանդյանին է հանձնել նախարար Իվան Մրկիչի ուղերձը և Բելգրադ այցելելու հրավերը։

Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալաղանիայի հետ հանդիպման ժամանակ արծարծվել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2014 թվականի սկզբին հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնելու վերաբերյալ։

Հունաստանի արտգործնախարարի տեղակալ Կիրիակոս Գերոնտոպոուլոսի հետ հանդիպման ժամանակ 2014 թվականի հունվարին մեկնարկելիք՝ Եվրամիությունում Հունաստանի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան - ԵՄ հարաբերությունների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը և Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման հարցերով փոխնախարար Վալերիու Չիվերը քննարկել են այս տարվա հունիսի 11-12-ը Հայաստանի նախագահի Մոլդովա կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը, անդրադարձել Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG