Մատչելիության հղումներ

Ավարտվում է «Երևանյան հեռանկարներ» հերթական փառատոնը


«Արամ Խաչատրյան» համերգասրահը Երևանում:
«Արամ Խաչատրյան» համերգասրահը Երևանում:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանի և Զալցբուրգի կամերային նվագախմբի համերգով եզրափակվում է «Երևանյան հեռանկարներ» հերթական միջազգային փառատոնը:

Համերգից առաջ հրավիրված ասուլիսում փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը հիշեցրեց, որ այս տարի փառատոնը բացել է Վիեննայի ֆիլհարմանիկ նվագախումբը և ահա փակում են Զալցբուրգի կամերայինն ու Պինկաս Ցուկերմանը. - «Սա, իհարկե, մեծ շքեղություն է ցանկացած երկրի, ցանկացած բեմի, ցանկացած փառատոնի համար»:

Ասուլիսին մասնակցող Պինկաս Ցուկերմանն ասաց, որ ուրախ է կրկին Հայաստանում նվագելու հնարավորություն ունենալու համար: Ցուկերմանը այսօրվա համերգում հանդես է գալիս ոչ միայն որպես ջութակահար, այլև որպես դիրիժոր:

Թել Ավիվում ծնված Ցուկերմանը անցած դարի վաթսունականներին Նյու Յորքի Ջուլիարդի դպրոցում սովորել է ամերիկահայ հանրահայտ երաժիշտ Իվան Գալամյանի դասարանում: Վերջինիս մասին այսօր շատ ջերմ խոսքեր ասաց:

«Իվան Գալամյանը մեծագույն վարպետ էր և մեզ սովորեցրեց նաև սովորեցնել, դառնալ ոչ միայն երաժիշտ, այլև ուսուցիչ: Մենք պահպանում ենք մեր ուսուցչի ավանդույթները: Մենք պետք է երաժշտական գործիքներով թակենք մարդկանց դռները, ասենք` նվագեք, սովորեք, երաժշտություն լսեք: Մենք պարտավոր ենք այդպես վարվել, որովհետև եթե չկա երաժշտություն, չկա նաև հասարակություն, անապատ է», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG