Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը կարևորել և բարձր է գնահատել պարոն Ռուքեի և նրա ղեկավարած պատգամավորական խմբի անձնվեր և հետևողական աշխատանքը՝ ուղղված թե´ Ֆրանսիայի խորհրդարանում և թե´ քաղաքային, մարզային խորհուրդներում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, միջազգային հարթակներում համագործակցության խորացմանը:

Սերժ Սարգսյանը ուրախությամբ է ողջունել Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած տիկին Վալերի Բուայեին, ով մինչ այս քանիցս այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

«Նախագահը կարևորել է այն փաստը, որ ֆրանսիացի խորհրդարանականները՝ սենատորները և պատգամավորները, Հայաստան այցերի ընթացքում այցելում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը, նախագահի համոզմամբ, լավ առիթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին մոտիկից ծանոթանալու, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանիորեն իրազեկվելու: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև մարտին «Արցախի հետ բարեկամության շրջանակ»-ի ստեղծումը»,- ասված է նախագահի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG