Մատչելիության հղումներ

Կինոյում տիրող իրավիճակը մտահոգում է ռեժիսորներին


«Մոսկվա» կինոթատրոնի շենքը Երևանում
«Մոսկվա» կինոթատրոնի շենքը Երևանում
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն ու Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն այսօր լրագրողների հետ կիսեցին իրենց մտահոգությունները ժամանակակից հայ կինոյում տիրող իրավիճակի կապակցությամբ:

Բանախոսների համոզմամբ` այսօր Հայաստանում մեծ չէ այն նվիրյալների թիվը, ովքեր միշտ և ամենուր եղել են արվեստի շարժիչ ուժը:

Էդգար Բաղդասարյանին պարզապես սարսափեցնում է այն, թե որքան ցածր է հանդիսատեսի ճաշակը. - «Կատակերգասեր ժողովուրդը ուղղակի կորցրեց իր հեղինակին: Կինոարվեստը հեղինակ կորցրեց. կինո կա, հեղինակ չկա»:

Արմեն Մազմանյանի համոզմամբ` ազատությունը մեր օրերում հաճախ արվեստագետին թատրոնում և կինոյում հնարավորություն է տալիս, որպեսզի «իր սանձարձակությունը ու ազատությունը ինքնահաստատի և թափի շուկայում»:

Բաղդասարյանը ընդունում է, որ կինոյում քանակական առումով առաջընթաց կա, իսկ որակական առումով «դեգրադացիա է տեղի ունենում», ինչի բազմաթիվ պատճառներից նա առանձնացեց դիլետանտիզմը. - «Հիմա յուրաքանչյուրը դարձավ ռեժիսոր ու օպերատոր»:

«Հանդիսատեսի մակարդակն էլ է ընկել», - շարունակեց նա: - «Ես նրանց չեմ մեղադրում: Մեղադրում եմ ինձ, որովհետև ես եմ մեղավոր: Մեղադրում եմ այդ մութ տարիները... այդ սերունդն է, որը ուղղակի կանսերվի բանկի մեջ մեծացավ, ոչ մի բան չեն տեսել: Զրո է իրենց մշակութային էրուդիցիան»:

Արմեն Մազմանյանն ավելի լավատես է. կինոյի նվիրյալները շարունակում են աշխատել. - «Էդգար Բաղդասարյանը, այդուհանդերձ, փորձում է ֆիլմ նկարել, Հարություն Խաչատրյանը փորձում է: Նոր, ջահել սերունդ կա: Ես կարծում եմ, որ այդ հազարավոր ֆոտոապարատների մեջ էլ մեկ էլ տեսար մի օր կծնվի մի նոր Կինկիդուկ: Բայց դա հանկարծն է, դա պատահականությունն է: Խաղի կանոնները, իհարկե, սարսափեցնող են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG