Մատչելիության հղումներ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը գազի պարտքից տեղյակ չի եղել


Ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորները, այլև անգամ կառավարության աշխատակազմի ղեկավարը տեղյակ չի եղել, որ Հայաստանը «Հայռուսգազարդին» պարտք է եղել ավելի քան 300 միլիոն դոլար:

Այսօր պատասխանելով «Ազատության» հարցերին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով նախկինում երկար տարիներ զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, ասաց, թե «Հայռուսգազարդին» ունեցած պարտքի կուտակման մասին հարցերը պետք է տալ Էներգետիկայի նախարարին:

Գաբրիելյան․ - Վերջնական թվի վերաբերյալ տեղեկություն, բնականաբար, չունեի, քանի որ բանակցությունները ընթանում էին, և ինչ կլիներ հստակ այդ թիվը՝ պարզվեց բանակցությունների ընթացքում, ինչն էլ պարոն Մովսիսյանը հրապարակեց:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ էր գաղտնի պահվում այդ պարտքի մասին տեղեկությունը, ինչո՞ւ հանրությանը չէր տեղեկացվում, որ Հայաստանը իրականում նման հսկայական պարտքեր է կուտակում:

Գաբրիելյան․ - Ես չեմ կարող նման հարցի պատասխանել, քանի որ թիվը՝ պարտքը ինչքան էր, ինչքան չէր, որոշվում էր բանակցությունների ընթացքում: Հիմա թե ինչպե՞ս է բանակցվել և ներքին հաշվառում տարվել է, թե ոչ՝ չեմ կարող ասել: Բյուջետային մուտքերի և ելքերի տեսակետից նման պահանջ բյուջեի նկատմամբ չի եղել:

«Ազատություն»․ - 150-ը ռուսները որոշել են իրենք մարել: Ինչի՞ դիմաց:

Գաբրիելյան․ - Խնդրում եմ, որպես բանակցող կողմ՝ այդ բոլոր մանրամասները հարցնեք պարոն Մովսիսյանից:

«Ազատություն»․ - Կառավարությանը նա տեղյակ չի՞ պահում:

Գաբրիելյան․ - Կառավարությանը նա տեղյակ է պահում ընդհանուր գծերով: Ես բանակցությունների բոլոր դետալներին չեմ տիրապետում:

«Ազատություն»․ - Չէ՞ որ հսկայական գումարների մասին է խոսվում:

Գաբրիելյան․ - Ես շատ լավ հասկանում եմ: Կառավարության օրակարգով անցնում են բազմաթիվ հարցեր: Հիմա ես կոնկրետ այս հարցին չեմ տիրապետում:

«Ազատություն»․ - Իսկ գուցե ընտրությունների համար էր գաղտնի պահվում, որպեսզի բոլոր ընտրություններ ավարտվեին՝ խորհրդարանական, նախագահական, քաղաքապետի, որից հետո միայն ժողովրդին տեղյակ պահեին, որ գիտեք, սիրելի ժողովուրդ, 300 միլիոն դոլար դուք պարտք եք կուտակել:

Գաբրիելյան․ - Խիստ հետաքրքիր վարկած է, որը, կարծում եմ, դուք իրավունք ունեք քննարկելու: Ես անձամբ այդ վարկածին չեմ հիմա հավակնում հավատալ:

Պատգամավորները «չե՞ն հետաքրքրվել»


Ոչ միայն կառավարության աշխատակազմի ղեկավարը, այլև որևէ պատգամավոր այսօր տեղյակ չէր, որ 2011 թվականից սկսած Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարների պարտք է կուտակել:

Հանրապետական պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, մասնավորապես, նշեց․ - «Ես տեղեկացված չեմ, բայց նաև ինքս չեմ հետաքրքրվել այդ հարցով»:

«Ես տեղյակ չէի, բայց չեմ էլ հետաքրքրվել խորությամբ, որ տեղյակ լինեի», - ասաց Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Հանրապետական, Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի պատասխանը առավել քան ուշագրավ էր․ - «Հարցը ինչո՞ւ եք ինձ տալիս, հարցը տվեք ֆինանսների նախարարին: Ինչո՞ւ եք ինձ տալիս: Չէ՞ որ դա իմ գործառույթների մեջ չի մտնում»:

Ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով տևական ժամանակ հետևում է «գազային զարգացումներին», մեզ հետ զրույցում ասաց, թե առնվազն վերջին 5 տարիների ընթացքում գազի սակագնի հետ կապված բոլոր գործընթացները գաղտնի են պահվել:

«Ասե՞մ ինչու: Անընդհատ իրենք չեն կարողացել մուծել գումարներ, բայց չեն կարողացել նաև քաղաքական-սոցիալական լարվածության պայմաններում գազի գին թանկացնել, որովհետև եթե գազի գինը թանկացնեին, և հատկապես դա եղել է ընտրություններից առաջ, հասարակությունը ուղղակի կպայթեր: Եվ իրենք անընդհատ ռուսներին խնդրել են չբարձրացնել գները, բայց պարտքերը կուտակել: Այսինքն դա եղել է փոխադարձ համաձայնությամբ», - մեկնաբանեց Արամ Մանուկյանը՝ ու հարցնում՝ եթե Հայաստանը տարիներ շարունակ պարտքեր է կուտակել գազի դիմաց, ապա ինչո՞ւ գազի մատակարարումը «Հայռուսգազարդը» չի դադարեցրել, դեռ մի բան էլ՝ պարտքի կուտակումից հետո համաձայնել է Հայաստանի 300 միլիոն դոլարի պարտքի կեսն իր վրա վերցնել․ - «Եվ սա ավելի վտանգավոր է: Մեր իշխանությունը պատրաստ է ամեն ինչի գնալ, միայն թե իր աթոռը պահի: Ես կարծում եմ ավելի շատ քաղաքական է սա, քան գազի գնի հետ կապված»:

Ընդդիմությունը ավելի քան մեկ տարի պնդում էր, որ գազի գինը թանկացել է, սակայն իշխանությունները հակադարձում էին, թե այդ պնդումները իրականությանը չեն համապատասխանում: Էներգետիկայի նախարարի երեկ արած հայտարարությունը, թե գազի պարտքը Հայաստանը սկսել է կուտակել դեռևս 2011 թվականից, ցույց են տալիս, որ ընդդիմության պնդումները համապատասխանում էին իրականությանը:

Ի դեպ, ընդամենը մեկ տարի առաջ լրատվամիջոցներին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը, հակադարձելով ընդդիմադիրների պնդումներին, նույնպես հերքել էր, թե գազը թանկացել է․ - «Այդ մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, թե այսօր Հայաստանի Հանրապետությունը գազ է ներկրում երկու անգամ ավելի էժան գնով, քան Ուկրաինան ու Մոլդովան: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG