Մատչելիության հղումներ

Հայաստանում են Վալերի Բուայեն և ֆրանսիացի հայամետ այլ պատգամավորներ


Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Հայաստան - Ֆրանսիա բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը այսօր հանդիպել են Ֆրանսիա - Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեի, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի և Գի Տեսիեի, բարեկամության խմբի վարչական քարտուղար Ժան-Պիեռ Դելանոեի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Շարմազանովը բարձր է գնահատել հայ - ֆրանսիական դարավոր բարեկամությունը, ֆրանսիացի խորհրդարանականների վաստակը միջխորհրդարանական կապերի ամրապնդման, օրենքի ուժով Հայոց ցեղասպանությունը դատապարտելու, թուրքական ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու, համամարդկային արժեքների ու մարդու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած վճռականության համար:

Նա շնորհակալություն է հայտնել նաև Ֆրանսիայի իշխանություններին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար՝ հավաստիացնելով, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը եղել և մնում են բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցներ:

Ռընե Ռուքեն հավաստել է, որ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հավատարմության ու շարունակականության ոգով են ընթանում, և դա է փաստում այն հանգամանքը, որ Ֆրանսիայում իշխանության փոփոխությունները երբեք չեն անդրադառնում երկու բարեկամ երկրների կայուն հարաբերությունների վրա:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ֆրանսիայում հայկական սփյուռքի գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ - թուրքական հարաբերությունների բարելավմանը, Հայաստանի ապաշրջափակմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG