Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պատասխանեց ՀԿ-ների հայտարարությանը


Հայաստանի ոստիկանությունը այսօր արձագանքել է 8 հասարակական կազմակերպությունների երեկ տարածած հայտարարությանը՝ պնդելով, որ «ՀՀ ոստիկանության գործողությունների համաչափության վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տարածած տեղեկությունները զուրկ են հիմնավորումներից»:

«ՀՀ ոստիկանությունը ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան մշտապես իրականացրել և իրականացնում է իր գործառույթները ապահովելու համար հավաքի` խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրացումը՝ դրան զուգահեռ ապահովելով նաև պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության ճիշտ հարաբերակցությունը», - ասված է, մասնավորապես, Ոստիկանության տարածած ծավալուն պարզաբանման մեջ:

Ոստիկանության հավաստմամբ՝ դեկտեմբերի 2-ի հավաքի խաղաղ ընթացքը կոպտորեն խախտած անձանց վարքագիծն է իրավապահներին հարկադրել ուժ կիրառել իրավախախտների նկատմամբ, և «օրենքով սահմանված կարգով ՀՀ ոստիկանության տարբեր տարածքային մարմիններ են բերվել 110 անձ, որոնցից 109-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություններ»:

Ընդ որում, Ոստիկանությունը «հարկ է համարում շեշտել, որ երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողներ ոչ թե բերման են ենթարկվել, ինչպես սխալմամբ նշում են հայտարարության հեղինակները, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական իրավախախտում թույլ տալու կապակցությամբ արձանագրություն կազմելու նպատակով բերվել են ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց հեռացել այնտեղից»:

Միաժամանակ, Ոստիկանությունը չի հերքում որոշ ոստիկանների կողմից ոչ պրոֆեսիոնալ վարքագծի հնարավոր դրսևորման դեպքերը: «Այդ կապակցությամբ ոստիկանության որոշ ծառայողների գործողությունների իրավաչափությունը որոշելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ իրականացվում են ծառայողական քննություններ: ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում տրված գնահատականները կներկայացնի հանրության ուշադրությանը», - ասված է պարզաբանման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG