Նոյեմբերին 28-29-ը Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովին Հայաստանը մասնակցելու է նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի այսօր տարածած մամուլի հաղորդագրությունում:
Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունը ամբողջությամբ․
«Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը տեղի կունենա Լիտվայում, Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը: Այն կմեկտեղի Եվրամիության անդամ 28 երկրների կամ այդ երկրների կառավարությունների ղեկավարներին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարների հետ միասին: Գագաթնաժողովը կնախագահի Եվրոպական խորհրդի նախագահը՝ Հերման վան Ռոմպոյը, ով Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ միասին կներկայացնի Եվրոպական միությունը: Գագաթնաժողովը կհյուրընկալի Լիտվայի Հանրապետության նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Վեց գործընկեր երկրները ներկայացված կլինեն՝ Հայաստանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի մակարադակով, Ադրբեջանը՝ նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով, Վրաստանը՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի մակարդակով, Ուկրաինան՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչի մակարդակով, Մոլդովան՝ վարչապետ Յուրի Լյանկեի մակարդակով, Բելառուսը՝ արտգործնախարար Վլադիմիր Մակեյի մակարդակով: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը, Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և առևտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտը նույնպես կմասնակցեն գագաթնաժողովին», - ասված է հաղորդագրությունում:
Մամուլի հաղորդագրությունն այնուհետև մեջբերում է Հերման վան Ռոմպոյի խոսքերը․ - «Մեր նպատակն է աշխատել այս տարածաշրջանի մեր գործընկերների հետ, որպեսզի քայլ առ քայլ կառուցենք ժողովրդավար, բարգավաճ ու կայուն հարևանություն՝ հիմնված օրենքի գերիշխանության վրա։ Վիլնյուսը կնշանավորի Եվրամիության հարևանության քաղաքականության մեկնարկի՝ առաջին տասնամյակի ավարտը և 2009 թվականին Պրահայում մեկնարկած Արևելյան գործընկերության ծրագրի քառամյակը։ Մենք շարունակում ենք աշխատել Ասոցացման հավակնոտ համաձայնագրի, այդ թվում՝ Խորը ու համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ այն գործընկերների հետ, որոնք համապատասխանում են Եվրամիության ու տարածաշրջանի միջև ճամփորդության դյուրացման և ազատականացման ուղղությամբ ցուցիչներին և քայլերին»։
Ներկայացված են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի խոսքերը․ - «Արևելյան գործընկերությունը փոփոխություն և նոր հեռանկարներ է բերում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներին, և դա Եվրամիության սահմաններին իրականացվող շատ ավելի մեծ փոխակերպումների մի մասն է։ Վերջին մի քանի տարիներին Եվրամիությունը դարձել է մեր Արևելյան գործընկերների խոշորագույն առևտրային գործընկերը, ներդրումների աղբյուրը, որը ունի քաղաքական ազդեցություն և հանդիսանում է վստահելի գործընկեր։ Անժխտելիորեն, Եվրոպան ու Արևելյան գործընկերները կարող են բարգավաճել որպես մայրցամաք՝ առանց բաժանարար գծերի»։
«Այս գագաթնաժողովում Եվրամիությունը կստորագրի նաև շրջանակային համաձայնագիր Վրաստանի հետ՝ Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններին մասնակցության վերաբերյալ», - գրված է հաղորդագրության եզրափակիչ հատվածում:
«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ասաց միայն, որ նախագահի այցերի մասին իրենք տեղեկացնում են պատշաճ կարգով և ժամկետներում:
Ավելի ուշ, Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, որտեղ, մասնավորապես, ասված է․ - «Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Վիլնյուսում Նախագահը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ»:
Վիլնյուսի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի նախագահի մակարդակով
Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ՝ Եվրահանձնաժողովը հաղորդագրություն է տարածել:
Ուղիղ հեռարձակում