Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյան․ «Կանխվում է պատերազմի վերսկսման հնարավորությունը»


«Էրեբունի» օդանավակայանը Google Maps քարտեզի վրա
«Էրեբունի» օդանավակայանը Google Maps քարտեզի վրա

Ստյոպա Սաֆարյանը, մինչդեռ, ռուսական ռազմաբազային նոր տարածքներ փոխանցելու կառավարության որոշումը համարում է «Հայաստանի ռուսականացման հերթական քայլերից մեկը»:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով ռուսական ռազմաբազայի տեղաբաշխման կետերն ավելացնելու վերաբերյալ Հայաստանի կառավարության վերջին որոշումը, ասաց, թե այդպիսով կանխվում է պատերազմի վերսկսման հնարավորությունը:

«Եվ ինչքան բանակը հզոր լինի, այնքան պատերազմի վերսկսման հնարավորությունը քիչ կլինի», - ասաց Հարությունյանը:

Հարցին, թե ինչ է կորցնում Հայաստանը, պաշտպանության նախկին նախարարը արձագանքեց․ - «Վնասների մասին խոսելը այստեղ անտեղի եմ համարում, որովհետև մենք ենք դիմել, որպեսզի ռուսական բազան այստեղ տեղակայվի՝ ես դրա մասնակիցն եմ եղել, բազայի պայմանագիրը ես նախապատրաստել եմ և վավերացրել եմ: Այնպես որ, դա եղել է քաղաքական որոշում Հայաստանի կողմից, որը մենք իրականացրել ենք»:

«Ավելի շատ են մարդիկ սկսում մտածել «ֆորպոստ» գաղափարի մասին: Ինքնիշխանության հարցի հետ կապված ի՞նչ կարծիքի եք», - այս հարցին էլ Հարությունյանը պատասխանեց․ - «Անկախությունը, ինքնիշխանությունը՝ դա հռչակագիր չի, դա ասելով չի լինում: Այս քայլերը, որ արվում են, միայն այդ քայլերն են ամրապնդում մեր անկախությունը»:

Նախկին նախարարին հիշեցրինք, որ ռուսական ռազմաբազայի հետ են կապվում մի շարք քաղաքացիական անձանց մահվան հետ կապված միջադեպեր, նաև կան գյուղացիներից բողոքներ, որ ռուսները իրենց վարելահողերը դարձրել են պոլիգոն և իրենք զրկվել են դրանք մշակելու հնարավորությունից: Վաղարշակ Հարությունյանն արձագանքեց․ - «Երբ լուծվում է գլոբալ խնդիր, անվտանգության խնդիր, բնական է՝ կան նաև վտանգավոր հետևանքներ: Այստեղ պետք է հստակ հասկանալ՝ դա իրենց սեփականությունն է և ռուսական բազայի տեխնիկան դուրս է գալիս իրենց տրամադրված տարածքներից՝ դա մի հարց: Եթե այդպես է, իհարկե, պետք է այդ հարցը դրվի ամբողջովին իշխանությունների առջև»:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի իրավական և քաղաքական հարցերով փորձագետ Ստյոպա Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում քննադատեց Հայաստանի կառավարության հերթական քայլը:

«Իշխանությունները բացարձակապես ինքնուրույն քաղաքականություն չեն վարում, Հայաստանի Հանրապետության իշխանությունները արդեն հասել են այն սահմանագծին և նաև հասցրել են երկիրը այդ սահմանագծին, որ այլևս հլու հնազանդ կատարում են այն, ինչ դրսից ասվում է, իսկ տվյալ պահին, այս ամիսների ընթացքում, ինչպես նկատում ենք, թելադրողը Ռուսաստանն է», - հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը:

Փորձագետը համոզմունք հայտնեց, որ ռուսական ռազմաբազայի տեղաբաշխման կետերի ավելացման փաստը պետք է դիտարկել Մաքսային միության հետ կապված հարցերը հաշվի առնելով:

«Մաքսային միության անդամակցությունը այդպես էլ չկապվեց Հայաստանի որևէ տնտեսական օգուտի և շահի հետ: Ճիշտ հակառակը՝ այդ որոշումը հիմնականում պատճառաբանվեց անվտանգության խնդիրներով: Կրեմլը փորձում է տպավորություն ստեղծել, որ դրանք օդում կախված խոսքեր չեն, և հետևաբար փորձում է Հայաստանում գտնվող ռուսական ուժերը տեղաբաշխել ՀՀ սահմաններով մեկ», - ասում է նա:

«2008 թվականից ի վեր Ռուսաստանն օգտագործեց Հայաստանի վախերը՝ մեծացնելով իր ռազմաքաղաքական նպատակներն իրացնելու համար»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը և ավելացրեց․ - «Դրա վառ ապացույցն են ռուսական ռազմաբազայի ընդլայնմանն ուղղված քայլերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG