Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը հանդիպեց բելառուսցի, ղազախ գործընկերներին


Հայաստանի և Բելառուսի վարչապետների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 20-ը նոյեմբերի, 2013թ․
Հայաստանի և Բելառուսի վարչապետների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 20-ը նոյեմբերի, 2013թ․

Սանկտ Պետերբուրգում այսօր անցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը:

Նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Մաքսային միության անդամ երկու երկրների՝ Բելառուսի և Ղազախստանի իր գործընկերների հետ։

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը և Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովի հետ գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակից և կարևորել դրանց հետագա խորացումը:

Իր հերթին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Բելառուսի վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն են դառնում: Նրա խոսքով՝ բելառուսական գյուղտեխնիկայի տրամադրումը մեծ ոգևորություն է առաջացրել հայաստանյան ֆերմերների մոտ, ովքեր հնարավորություն են ստացել ձեռք բերել մատչելի և որակյալ գյուղտեխնիկա:

Հիշեցնենք՝ բոլորովին վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հայտարարել էր, որ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի կարծիքն այս կապակցությամբ: Այսօր, սակայն, Բելառուսի վարչապետ Մյասնիկովիչը ողջունել է ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի նախաձեռնությունը և հավաստիացրել, որ բելառուսական կողմն աջակցում է այդ գործընթացի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:

Մաքսային միության մեկ այլ երկրի՝ Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովի հետ Տիգրան Սարգսյանի հանդիպմանը քննարկվել է հայ - ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում ընդգծվել է Երևան - Աստանա օդային ուղիղ չվերթների կազմակերպման անհրաժեշտությունը: Ղազախստանի վարչապետը նշել է նաև, որ դա հնարավորություն կտա աշխուժացնել գործարար կապերը երկու երկրների միջև:

Ախմետովը Հայաստանի վարչապետին հրավիրել է Ղազախստան:

Ինչ վերաբերում է ԱՊՀ նիստին՝ այսօր ստորագրվել են մի շարք համաձայնագրեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՊՀ վարչապետների հաջորդ նիստն անցկացնել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG