Մատչելիության հղումներ

Hitachi-ի նախկին տնօրենը ստացավ Հայաստանի նախագահի մրցանակը


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից
Նախագահի նստավայրում երեկ երեկոյան տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2013 թվականի մրցանակի հանձնման արարողությունը:

Ի պատիվ մրցանակի արժանացած՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյի և նրա տիկնոջ՝ Կումիկո Մակիմոտոյի հրավիրված ընդունելությանը Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է մրցանակակրի ընտրման ընթացակարգը, նախորդ տարիներին մրցանակի արժանացածներին, ինչպես նաև ՏՏ ոլորտում Հայաստանի մրցակցային առավելությունները:

Հայաստանի մրցակցային առավելությունները, Հովիկ Մուսայելյանի խոսքով, սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ, և Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար:

Մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահը մեջբերել է նաև 2011 թվականին Հայաստանի նախագահի մրցանակին արժանացած հանրահռչակ Սթիվ Վոզնյակի խոսքերը. - «Չկա Նոբելյան մրցանակ ՏՏ ոլորտում, բայց այս մրցանակն ինձ համար հավասար է Նոբելյանին, այն ստանում եմ Հայաստանի Նախագահից և հպարտ եմ դրա համար»:

Հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը համառոտ ներկայացրել է Ցուգիո Մակիմոտոյի կենսագրությունը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտում նշանակալի հաջողությունների հասած իր հայրենակցի վաստակը Հայաստանի կողմից գնահատելու և նման բարձր մակարդակով մրցանակի արժանացնելու համար, ինչը, նրա համոզմամբ, վկայում է հայ - ճապոնական դինամիկ զարգացող ամուր բարեկամական հարաբերությունների մասին:

Մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ - «Այս մրցանակով Հայաստանի ժողովուրդը իր հիացմունքն ու երախտագիտությունն է հայտնում նրանց, ովքեր առաջ են տանում մարդկային քաղաքակրթությունը և իրենք էլ դառնում են ժամանակի յուրօրինակ խորհրդանիշներ: Այս մրցանակով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ոչ միայն պարոն Մակիմոտոյին, այլև նրա հայրենիքին` Ճապոնիային, որտեղ ապրում են խիզախ ու աշխատասեր, իմաստուն ու տաղանդավոր մարդիկ: Մենք վկան եղանք Ճապոնիայում տեղի ունեցած ահավոր երկրաշարժի, և հատկապես այն փաստի, թե ինչպիսի տոկունությամբ է ժողովուրդը կանգնում բնության տարերքի դեմ և ինչպիսի կազմակերպվածությամբ ու համախմբվածությամբ է բուժում իր վերքերը: Բազում երկրաշարժեր տեսած մեր երկրի ու ժողովրդի համար դա իսկական դաս էր»:

«Ճապոնիայի տնտեսական և տեխնոլոգիական նվաճումները տպավորիչ են և ուսանելի ոչ միայն մեր, այլև աշխարհի համար: Այս մրցանակով մենք նաև ցանկանում ենք մեր երիտասարդների հատուկ ուշադրությունը հրավիրել հաջողված գործերի և հաջողակ մարդկանց վրա: Ցանկանում ենք նրանց տալ ճիշտ ուղենիշներ և օրինակներ: Համոզված ենք, որ երկրի ամենամեծ հարստությունը մարդն է, և Ճապոնիայի օրինակն էլ դրա վառ ապացույցն է», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Ցուգիո Մակիմոտոն երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին արժանանալու կապակցությամբ, ներկայացրել իր գործունեությունը և խոսել աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների մասին:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակը Ցուգիո Մակիմոտոյին շնորհվել է Սերժ Սարգսյանի հունիսի 4-ի հրամանագրով:

Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Ցուգիո Մակիմոտոյին այսօր ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG