Մատչելիության հղումներ

HRW-ը ԵՄ-ին հորդորում է ԱԳ երկրների հարցում կարևորել մարդու իրավունքների պաշտպանությունը


Եվրամիությունը Արևելյան գործընկերների հետ հարաբերություններում պետք է կենտրոնանա մարդու իրավունքների վրա և սկզբունքային մոտեցում ցուցաբերի նախկին խորհրդային հարևանների հետ հարաբերությունները խորացնելիս, այսօր հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:

«Մինչ վիլնյուսյան գագաթնաժողովը Եվրամիությունը պետք է հստակորեն հասկացնի, որ լուրջ է տրամադրված մարդու իրավունքների հարցում»,- ասել է Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլիամսոնը.- «Եվրամիության և Արևելյան գործընկերների միջև առավել սերտ քաղաքական և տնտեսական կապերի հիմքում պետք է լինեն միայն շոշափելի բարելավումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այլ ոչ թե մշուշոտ խոստումները` խնդիրները հետագայում լուծելու վերաբերյալ»:

Human Rights Watch-ը այնուհետև ներկայացնում է այն մտահոգությունները, որ ունի Արևելյան գործընկերության երկրներում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ:

Հայաստան

Հայաստանին վերաբերող հատվածում իրավապաշտպան կազմակերպությունը նախ նկատում է.- «Հայաստանի նախագահի սեպտեմբերյան հայտարարությունը՝ Ռուսաստանի նախաձեռնած մաքսային միությանը միանալու մասին, շատերին ցնցեց։ Եվրամիությունն ակնկալում էր, որ Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը վիլնյուսյան գագաթնաժողվում։ Փոխարենը Հայաստանը հնարավոր է ստորագրի մի հայտարարություն Եվրամիության հետ տարբեր ոլորտներում համագործակցության մասին»:

Անդրադառնալով մարդու իրավունքների վիճակին` իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է, որ վերջին տարիներին Հայաստանում համապետական ընտրությունները անցնում են կեղծիքներով և թերություններով, և փետրվարին տեղի ունեցած վերջին ընտրությունները, որոնցում հաղթանակ է տարել գործող նախագահ Սերժ Սարգսյանը, բացառություն չեն:

Միջազգային դիտորդները արձանագրել են, որ չնայած ընդհանուր առմամբ դրանք լավ կազմակերպված էին, սակայն տեղ են գտել մի շարք լուրջ խախտումներ, այդ թվում և վարչական լծակների չարաշահումը, ընտրողներին հետապնդելը և գործող նախագահի մրցակիցներին խոչընդոտելը:

Խաղաղ ցուցարարների դեմ անհայտ անձանց հարձակումների հետաքննության տապալումը, ինչպես նաև բանակում խաղաղ պայմաններում բազմաթիվ մահվան դեպքերը ևս տագնապալի են, շեշտում է իրավապաշտպան կազմակերպությունը:

Հայաստանյան իրավապաշտպաններին հղում անելով` Human Rights Watch-ը նշում է, որ կտտանքները և դաժան վերաբերմունքը ոստիկանությունում դեռ առկա են, իշխանությունները հաճախ հրաժարվում են հետաքննել դաժան վերաբերմունքի մասին բողոքները կամ ճնշումներով ստիպում են դաժան վերաբերմունքի զոհերին հրաժարվել իրենց բողոքներից:

Ոստիկանությունը շարունակում է գործածել խոշտանգումը` ինքնախոստովանական ցուցմունքներ ստանալու համար, հայաստանյան օրենսդրության մեջ խոշտանգման բնորոշումը չի համապատասխանում միջազգային չափանիշներին:

Հեռարձակող լրատվամիջոցները, ըստ իրավապաշտպան կազմակերպության, չեն ապահովում բազմակարծություն, բացի այդ` լրագրողների նկատմամաբ բռնությունների մի քանի դեպքեր են եղել:

«Սեռական կողմնորոշման պատճառով բռնություններն ու խտրականությունը լուրջ խնդիր են Հայաստանում»,- նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:

Ադրբեջան

Ադրբեջանի վերաբերյալ Human Rights Watch-ը գրում է, որ այս երկրի և Եվրամիության միջև բանակցությունները 2013-ի սկզբին մտել են փակուղի, Եվրամիությունում էլ աճել է հիասթափությունը Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության ոլորտներում առաջընթացի բացակայության պատճառով։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը հստակ հասկացնել է տվել, որ իր համար Եվրամիության հետ համագործակցության այլ ձևաչափ է ընդունելի, որտեղ Եվրամիությունը մարդու իրավունքների պաշտպանության պայմաններ չեն դրվում Ադրբեջանի առջև այլ արտացոլվում է այդ երկրի «աշխարհաքաղաքական կարևորությունը»:

Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը լայնածավալ և աննախադեպ ճնշումներ է կիրառում ընդդիմադիրների և քննադատների նկատմամբ, ճնշվում է ազատ խոսքն ու հավաքների ազատությունը, իշխանությունները ձերբակալում են քաղաքական ակտիվիստներին` կասկածելի մեղադրանքներով, նկատում է Human Rights Watch-ը:

Վրաստան

Ակնկալվում է, որ Վրաստանը Վիլնյուսում կնախաստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն Վրաստանի առաջընթացի վերաբերյալ զեկույցը շեշտում է դատական համակարգի անկախությունն ապահովելու, ընտրովի արդարադատություն չիրագործելու, ինչպես նաև իրավապահ մարմինների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը:

Իրավապաշտպան կազմակերպության աչքից չեն վրիպել նաև այս տարվա մայիսին հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվա կապակցությամբ խաղաղ երթի ընթացքում գրանցված բռնությունները` վրաց ուղղափառ եկեղեցու որոշ հոգևորականների մասնակցությամբ:

Ուկրաինա

Ինչ վերաբերում է Ուկրաինային, որի շուրջ է այս պահին կենտրոնացած վիլնյուսյան գագաթաժողովի գլխավոր ինտրիգը, Human Rights Watch-ը այս երկրում էլ բազմաթիվ խնդիրներ է տեսնում. Պետությունը սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունը, անցած տարվա համեմատությամբ կրկնակի աճել է լրագրողների նկատմամբ բռնությունների թիվը, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող համայնքի հանդեպ խտրական վերաբերմունք կա, քաղաքական ապաստանի և պալիատիվ օգնության համակարգերը խորապես թերի են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG