Մատչելիության հղումներ

Պատգամավորներին կրկին չեն թույլատրել հանդիպել նոյեմբերի 5-ից հետո կալանավորվածներին


Պատգամավորներին կրկին չեն թույլատրել հանդիպել նոյեմբերի 5-ից հետո կալանավորվածներին
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

Պատգամավորներին կրկին չեն թույլատրել հանդիպել նոյեմբերի 5-ից հետո կալանավորվածներին

Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին ու Զարուհի Փոստանջյանին հինգշաբթի երեկոյան նույնպես չեն թույլատրել հանդիպել նոյեմբերի 5-ից հետո կալանավորված անձանց։ Այս անգամ, սակայն, նոր մոտեցում է կիրառվել։

Ինչպես «Ազատության» փոխանցեց Զարուհի Փոստանջյանը, իրենց թույլատրել են մտնել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածք, անգամ այն խցեր, որտեղ Մաշտոցի պողոտայի դեպքերի առնչությամբ կալանավորվածներն են պահվում, բայց չեն թույլատրել տեսակցել նրանց, քանի որ պատգմավորներին հետաքրքրող անձանց քրեակատարողականի անձնակազմը նախօրոք հեռացրած է եղել խցերից։ Այլ կալանավորվածների հետ զրուցել հնարավոր է եղել, բայց ոչ նոյեմբերի 5-ի դեպքերի մասնակիցների։

«Հասկանալի է՝ որն է պատճառը այդ արհեստական խոչընդոտի. խնդիր կա այդ բռնությունների բարձրաձայնումը քողարկել»,- ասում է Փոստանջյանը։

Տարբեր ժամանակներում իրավական համակարգում աշխատած անձինք, նրանց թվում իշխանության ներկայացուցիչներ պնդում են, որ ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքը պատգամավորին թույլ է տալիս անարգել մուտք ու ելք անել ձերբակալվածներին ու կալանավորվածներին պահելու վայրեր և հանդիպել նրանց։

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սակայն, կարծում է, որ ազատ մուտք ու ելքն և հանդիպումը տարբեր հասկացողություններ են. եթե քննիչ արգելել է, կարող են քրեակատարողական հիմնարկ մուտք գործել, բայց հանդիպել՝ ոչ։

«Կարծում եմ, որ պարոն Թովմասյանը ուղղակի ենթարկվում է Վլադիմիր Գասպարյանի ցանկություններին և թույլ է տալիս ապօրինություն»,- ասում է Զարուհի Փոստանջյանը։

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով՝ այս արգելքը Հրայր Թովմասյանի կամակորության արդյունքն է.- «Աբսուրդ է, երբ դու կարող ես այցելել մեկուսացման սենյակներ, կալանավայրեր, և հանդիպել սենյակի հետ, ոչ թե մարդու հետ»։

Հանրապետական Գալուստ Սահակյանը չի ցանկանում խառնվել իրավաբանների կռվին, բայց անձնական կարծիք ունի.- «Ես կարծում եմ՝ եթե նույնիսկ օրենքը չի էլ թույլ տալիս, կարելի էր էս դեպքում օրենքը խախտել, որովհետև Զարուհին ու Նիկոլը էդ մարդկանց ոչ պիտի ուտեին, ոչ էլ պիտի կարողանային հրահանգներ տային»։

Ազգային ժողովի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը կարծում է՝ մեկնաբանության խնդիր չկա, օրենքը պատգամավորներին օժտել է ձերբակալվածներին և կալանավորվածներին անարգել հանդիպելու իրավունքով։ Ուստի, Վարդանյանի գնահատմամբ, նախարարի համառությունը կարելի է դատարանում վիճարկել։

«Ինձ համար առավել քան տարօրինակ է, երբ հարցը մեկ անգամ բարձրացնելուց հետո, հարցին մեկ անգամ անդրադառնալուց հետո ինչ-ինչ պատկան մարմիններ դրսևորում են ոչ պատշաճ վերաբերմունք պատգամավորի նկատմամբ»,- ասաց Վարդանյանը.- «Մենք պետք է հետևողական լինենք իրավակիրառ պրակտիկայի նկատմամբ և այս դեպքում ես կարծում եմ, որ կարելի է նույնիսկ դատական հայցով կամ դատական ինչ-որ փուլով հարցին լուծում գտնել»,- ասաց Վարդանյանը։
XS
SM
MD
LG