Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հարցում «այսօր խոսքը Եվրամիությանն է»


Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի հանդիպումներից մեկը, արխիվ
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի հանդիպումներից մեկը, արխիվ

Հայաստանցի փորձագետի կարծիքով՝ պաշտոնական Կիևի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող են խոչընդոտել Տիմոշենկոյի հարցն առաջ քաշող պետությունները:

Ուկրաինան պատրաստ է ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, այլ հարց է, եթե երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակման հարցն առաջ քաշող պետությունները խոչընդոտեն գործընթացին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ այդ գործընթացների և վերջին օրերին Ուկրաինայում ծավալվող խմորումների հետևում տեսնելով Ռուսաստանին։

Անցյալ շաբաթավերջին Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպումից հետո տարածվեցին տեղեկություններ, որ Ուկրաինան կարող է հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից։ Նախօրեին էլ ռուսական լրատվամիջոցները տարածեցին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի խոսքերն այն մասին, որ Ուկրաինային ստիպեցին Եվրամիությունից շրջվել դեպի Ռուսաստան, և որ Յանուկովիչը կառավարությանը հանձնարարել է արագացնել Մաքսային միության հետ մաքսային և տեխնիկական հարցերը: Փորձագետն ասաց, թե ռուսական կողմը աղավաղել է Ազարովի հայտարարությունները:

«Իրոք, Ուկրաինայում կոնսենսուս կա, քաղաքական ուժերը ուզում են, պառլամենտի, կառավարության որոշումները կա. Յանուկովիչը այստեղ պրոբլեմ չի լինի: Այստեղ ուրիշ խնդիր կա. քանի որ Տիմոշենկոյի հարցը այդպես էլ չի լուծվել, ու ես կարծում եմ՝ չի լուծվի, ժամանակ էլ չմնաց, այս խնդրի հետ կապված լուրջ առարկություններ ունեն մեկ-երկու եվրոպական երկրներ՝ Գերմանիան, Շվեդիան և Հոլանդիան, նրանք ասում են՝ պետք է ազատեն Յուլիա Տիմոշենկոյին: Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը հենց նույն Գերմանիայի միջոցով է աշխատում ու ուզում է Գերմանիայի միջոցով բլոկ անել այդ պրոցեսը», - ասաց Ստեփան Գրիգորյանը:

«Ես կարծում եմ՝ Ուկրաինան չի փոխի կարծիքը, պատրաստ է ստորագրել, այն խմորումները, որ Ուկրաինայում գնում են, կապ չունեն պառլամենտի որոշման հետ, որը միաձայն քվեարկել է՝ ստորագրելու այդ ասոցիատիվ պայմանագիրը, ոչ մի կապ չունի կառավարության որոշման հետ: Սա ուղղակի ինչ-որ խմորումներ են, Ռուսաստանի ազդեցությունից ինչ-որ տարրեր, որոնք ի հայտ են գալիս, դրանք չեն կարող Ուկրաինայի ընդհանուր դիրքերը փոխել», - շարունակեց փորձագետը:

Ավելին, ըստ նրա, Ուկրաինայի վարչապետի խոսքերը ուղղակի աղավաղված են. - «Ինքը ասեց՝ «այո, մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ աշխատել», ինքը չի ասել, որ մենք պատրաստ ենք հետ կանգնել: Հիմա ամեն մի հնար Ռուսաստանը կմոգոնի, բայց գլխավոր վտանգը Ուկրաինայի համար գալիս է Եվրամիությունից, դժբախտաբար, քանի որ Եվրամիության մեկ-երկու երկրներ Ռուսաստանի ուժեղ ազդեցության տակ են ինչ-որ հարցերում, ու չեմ բացառում, որ այդ բարդ պրոցեսը, իրոք, կբերի նրան, որ կխափանվի այս փուլում Ուկրաինայի ստորագրումը այդ ասոցիատիվ պայմանագրի: Չի բացառվում, որ կհետաձգվի ստորագրումը»:

«Այսօր խոսքը Եվրամիությանն է. եթե Եվրամիության ներսում կոնսենսուսի գան, Գերմանիան, Շվեդիան հանեն իրենց առարկությունները Տիմոշենկոյի հետ կապված, կստորագրվի», - ասաց Ստեփան Գրիգորյանը՝ ամփոփելով․ - «Ես լավատես եմ, ես հուսով եմ, որ, այնուամենայնիվ, կստորագրեն, քանի որ եվրոպական երկրները այսօր հասկանում են, թե ինչքան լրջացավ վիճակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG