Մատչելիության հղումներ

Հարկային նոր օրենքը՝ ԱՄՆ-ի քաղաքացիությունից հրաժարվելու պատճառ


Թինա Թըրներ
Թինա Թըրներ
Աշխարհահռչակ երգչուհի Թինա Թըրները հրաժարվում է ամերիկյան քաղաքացիությունից: Այդ մասին հայտնում է Washington Post թերթը` նշելով, որ հոկտեմբերի վերջին երգչուհին դիմում է ներկայացրել Շվեյցարիայում ամերիկյան դեսպանատուն: Արդեն 20 տարի Շվեյցարիայում բնակվող 74-ամյա երգչուհին իր դիմումում նշել է, որ Միացյալ Նահանգների հետ կապեր չունի՝ բացի իր բարեկամներից, և չի ծրագրում ապագայում վերադառնալ ԱՄՆ:

Վերլուծաբանները կարծում են՝ խնդիրը Միացյալ Նահանգներում արդեն եկող տարվա հուլիսից ուժի մեջ մտնող նոր հարկային օրենքն է արտասահմանյան հաշիվները հարկելու մասին, որը զգալիորեն բարդացնելու է Ամերիկայից դուրս ապրող, հաշիվներ և սեփականություն ունեցող ամերիացիների կյանքը:

Այստեղ նախ հարկ է նշել, որ Միացյալ Նահանգները աշխարհում այն եզակի պետություններից է, որ հարկում է ոչ թե ըստ բնակության վայրի, այլ ըստ քաղաքացիության, այսինքն՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում ես ապրում, եթե ունես ամերիկյան անձնագիր կամ անգամ «գրին քարտ», պարտավոր ես ամեն տարի ամերիկյան հարկային ծառայություններին հաշվետվություն ներկայացնել հարկ վճարել և եկամտիցդ մաս հանել:

Սակայն արտասահմանում հաշիվներ կամ սեփականություն ունեցող ամերիկացիները հարկային հաշվետվություններում միշտ չէ, որ իրենց ողջ ունեցվածքն ու բոլոր եկամուտներն են նշում։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ վկայակոչելով ամերիկյան իշխանություններին, արտասահմանում հաշիվներ ունեցող ԱՄՆ-ի քաղաքացիները ամեն տարի 100 միլիարդ դոլար թաքցնում են հարկայինից:

Այս իրավիճակը շտկելու համար Կոնգրեսը նոր օրենք է ընդունել, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները պետք է բանկերի, ֆինանսական կազմակերպությունների և հիմնադրամների հետ պայմանագրեր կնքի՝ արտերկրում բնակվող իր քաղաքացիների ֆինանսական հոսքերի մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ: Ըստ այդմ, բանկերը պետք է ամերիկյան հարկային մարմիններին տեղեկացնեն բոլոր այն ամերիկացիների մասին, որոնց հաշիվները և սեփականությունը գերազանցում են 50 հազար դոլարը: Այսպիսով ամերիկյան հարկային ծառայությունները մանրամասնորեն տեղեկացված կլինեն, և հարկային ամենամյա հաշվետվության մեջ ողջ ունեցվածքը չներկայացնել ամերիկացին այլևս չի կարող:

Սակայն ամերիկացիների մեծ մասը դժգոհ է ոչ միայն այս պատճառով, այլև այն, որ հարկային հայտարարագրերը լրացնելը շատ ավելի դժվար և ծախսատար գործ է դառնում։

Ուստի արտերկրում ապրող միլիոնավոր ամերիկացիներ այժմ Թինա Թըրների նման մտածում են ` արդյոք արժե՞ պահել իրենց ամերիկյան անձնագրերը:

Ըստ նոր օրենքի՝ նաև եթե որևէ բանկ կամ ֆինանսական կառույց հրաժարվի տեղեկատվություն տրամադրել և չմիանա այս օրինագծին, ամերիկյան բանկերի հետ գրեթե յուրաքանչյուր գործարքի համար ստիպված է լինելու 30 տոկոսի չափով տուգանք վճարել:

BBC-ի փոխանցմամբ` Ամերիկայից դուրս ապրում և աշխատում է շուրջ 6 միլիոն ամերիկացի, իհարկե, ամերիկյան անձնագրից հրաժարվողների թիվը այս 6 միլիոնի ֆոնին շատ փոքր է` հազար - երկու հազար մարդ, սակայն այն, որ վերջին շրջանում ամերիկյան քաղաքացիությունից հրաժարվողների թիվը կտրուկ աճել է, փաստում է վիճակագրությունը: 2012 թվականի երկրորդ քառորդի համեմատությամբ, օրինակ, այս տարի նույն ժամանակահատվածում 6 անգամ աճել է Միացյալ Նահանգներից դուրս ապրող ամերիկացիների թիվը, ովքեր հրաժարվել են իրենց քաղաքացիությունից. եթե 2012-ի երկրորդ քառորդում միայն 189 ամերիկացի է հրաժեշտ տվել իր ամերիկյան անձնագրին, ապա 2013-ի նույն ժամանակահատվածում իրենց ամերիկյան քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գերազանցել է հազարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG