Մատչելիության հղումներ

Խորհրդակցությունը չմերձեցրեց կողմերի տեսակետները


Խորհրդակցությունը չմերձեցրեց կողմերի տեսակետները
please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Կողմերը մնացին իրենց տեսակետներին. Արդադատության նախարարը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանին օրենքի տառին համապատասխան են արգելել տեսակցել նոյեմբերի 5-ի դեպքերից հետո կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսներին: Փաշինյանն ու ՀԱԿ պատգամավորները, հակառակը` հայտարարեցին, որ իրենց մուտքը ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայր ապօրինաբար է խոչընդոտվել:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ԱԺ պետաիրավական և պաշտպանության ու ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Դավիթ Հարությունյանն ու Կորյուն Նահապետյանը:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, անցած շաբաթ օրը երկու անգամ այցելել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, սակայն նրան արգելել էին հանդիպել Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորվածների հետ` պատճառաբանելով, թե նրանց հետ բոլոր տեսակցությունները սահմանափակված են:

Ընդդիմադիրները հղում են անում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքին, որի համաձայն` պատգամավորը անարգել մուտք ու ելքի իրավունք ունի ձերբակալվածներին ու կալանավորվածներին պահելու վայրեր:

Արդարադատության նախարարը, մինչդեռ, այսպես է մեկնաբանում օրենքը. - «Մուտք ու ելքի իրավունքը և դատապարտյալի կամ մեղադրյալի, կալանավորվածի հետ տեսակցությունը. սրանք միանգամայն տարբեր ինստիտուտներ են: Մուտք ու ելքը ազատ է, իսկ տեսակցության համար կան հստակ ընթացակարգեր: Այսինքն` այս պարագայում, մենք տեսնում ենք, որ եղել է քննիչի որոշում»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոմպրոմիսի չի գնալու. - «Հրայր Թովմասյանի դիրքորոշումը հետևյալն է. Դուք կարող եք մտնել խուց, բայց կալանավորի հետ շփվելու իրավունք չունեք: Ես ասում եմ` ինչո՞ւ չունեմ: Ասում է` որովհետև Ձեզ տեսակցություն տրված չի: Ես էլ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք ունի արտահայտվելու իրավունք, ազատություն, և եթե ես և կալանավորը շփվում ենք, մենք օգտվում ենք մեր արտահայտվելու ազատությունից: Ես տեղյակ պահեցի, որ շարունակելու եմ այցելել քրեակատարողական հիմնարկներ և ակնկալում եմ, որ Արդարադատության նախարարը միջոցներ կձեռնարկի իմ պատգամավորական լիազորությունները պատշաճ կատարելու համար»:

Խնդիրը ծագել է Շանթ Հարությունյանի հետ Փաշինյանի առաջին հանդիպումից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ Հարությունյանն ու նույն գործով կալանավորված Վարդան Վարդանյանն իրեն ասել են, թե բերման ենթարկվելուց հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իրենց նկատմամբ բռնություն է կիրառել, ստորացրել ու հայհոյել է իրենց:

«Եթե արվում է ապօրինություն, ուրեմն դա արվում է ավելի մեծ ապօրինություն թաքցնելու համար», - համոզված է Փաշինյանը:

Արդարադատության նախարարը չբացառեց ոստիկանապետի կողմից բռնության կիրառումը. - «Բացառել, որ դա հնարավոր է, տեսականորեն ես չեմ կարող: Այդ ամբողջը չի եղել քրեակատարողական հիմնարկում, եղել է ձերբակալվածների պահման վայրում… Ես ձեզ կարող եմ ասել, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս յուրաքանչյուրն անցնում է բժշկական զննություն, և կազմվում է համապատասխան քարտ: Այնտեղ ցանկացած բռնության հետք, ցանկացած քերծվածք անգամ արձանագրվում է: Եվ այդ ամբողջը, եթե եղել են, ես ձեզ վստահեցնում եմ, որ դրանք արձանագրված են»:

Ընդդիմադիրներն այլ կասկածներ էլ ունեն: «Գնալով հակվում ենք այն մտքին, որ իսկապես բռնություններ եղել են, և դա փորձում են թաքցնել: Այլապես նման կատաղի դիմադրություն չէր լինի», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը փոխանցեց, որ խորհրդակցության ժամանակ իրենց կարծիքը պաշտպանել է նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը :

«Այդ նույն օրենքով աշխատել են [Արդարադատության նախարար] առնվազն Դավիթ Հարությունյանը, Գևորգ Դանիելյանը, հիմա էլ` Հրայր Թովմասյանը: Եվ չգիտես ինչու, միայն Հրայր Թովմասյանն է այդպես մեկնաբանում: Պաշտոնատար անձանց անարգել մուտքն ու ելքը շփոթել տեսակցության ինստիտուտի հետ, դա ուղղակի ծիծաղելի է: Եվ ծիծաղելի կլինի, երբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, գլխավոր դատախազի, Սահմանադրական դատարանի նախագահի, պատգամավորների և այլնի այդ իմպերատիվ իրավունքը թողնվի լուծելու քրեակատարողական հիմնարկի պետի հայեցողական լիազորությանը»:
XS
SM
MD
LG