Մատչելիության հղումներ

Խորհրդարանը քննարկում է 2014 թվականի բյուջեի նախագիծը


Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարին հարց ուղղելու համար հերթագրվել էր 16 պատգամավոր:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար, պատգամավոր Լևոն Զուրաբյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գործոններով է պայմանավորված Հայաստանում օտարերկրյա ներդրումների նվազումը, և մասնավորապես, որքանո՞վ են այդ նվազմանը նպաստել Հայաստանում առկա կոռուպցիան, արդարադատության բացակայությունը, բիզնեսի համար անբարենպաստ միջավայրը։

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չի ժխտում, որ վերջին տարիներին նկատվում է օտարերկրյա ներդրումների նվազման միտում, կան խնդիրներ,

«Տարբեր պատճառներ կարող են լինել, որոնք մենք կարող ենք թվարկել՝ և ընդհանուր միջազգային կոնյուկտուրայի տեսանկյունից, և մի շարք խոշոր մասնավորեցման ծրագրերի տեսանկյունից, որոնք արդեն իրականացվել են, բայց կապել դրանք ուղղակիորեն կոռուպցիայի մակարդակի և այն բոլոր խնդիրների հետ, որոնք մեզ մոտ առկա են, ես կարծում եմ՝ չի կարելի»,- պատասխանեց նախարարը։

Նախարարն, օրինակ բերելով եվրաբոնդերի տեղաբաշխումը, հայտարարեց, որ դրանք նույնպես օտարերկրյա ներդրումներ են: Դավիթ Սարգսյանի պատասխանը Զուրաբյանին չգոհացրեց, իսկ եվրապարտատոմսերի օրինակը որպես ներդրում ներկայացնել պատգամավորը աբսուրդ որակեց:

«Բնականաբար, պարտատոմս գնողը միջազգային դատարաններում հետո կկարողանա ստանալ իր ունեցածը, եթե Հայաստանը հրաժարվի վճարել այդ պարտատոմսերը։ Խոսքը բիզնեսի մասին է, մարդը պետք է դեռ բիզնես դնի, հետո գնա մեր դատարանների ձեռքը ընկնի, որտեղ կաշառք էլ կվերցնեն, ամեն ինչ էլ կանեն, որ նրա բիզնեսը կործանվի։ Սա մի անհեթեթ պատասխան էր»,- ասաց Զուրաբյանը։

Եթե դա աբսուրդ է, ուրեմն շատ լավ աբսուրդ է, հակադարձեց ֆինանսների նախարարը.- «Ես չեմ կարծում, որ որևէ միջազգային ներդրող, որն ունակ է 100 միլիոն դոլար փող տալ որևէ մեկին, կարող է դա տալ մի երկրում, որտեղ ինքը մեծ ռիսկեր է տեսնում»։

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատել էր, որ բյուջեի եկամուտները ոչ բոլոր հոդվածներով ունեն ավելացումներ, ինչպես ներկայացնում է կառավարությունը:

«Կա մի պուճուրիկ կետ «Այլ եկամուտներ» գլխում, որ կոչվում է «Իրավախախտումենրի համար գործադիր դատական մարմինների կողմից կիրառված պատժամիջոցներից», այսինքն դա տուգանքների գումարն է։ Եվ այստեղ հետաքրքիր փաստ ենք արձանագրում, որ 2014 թվականի բյուջեում ավելի քիչ է նախատեսվում, քան 2011 թվականին»,- ասաց Փաշինյանը՝ պարզբանելով, թե ինչու է կարևորում այդ փաստը.- «Որովհետև մամուլում տեղեկություններ կան, որ Security Dream ընկերությունը, որը տեսախցիկներն ու արագաչափերն է դնում, և որը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը կամ ընտանիքին, այս տարվա 9 ամիսների կտրվածքով արդեն 4.2 միլիարդ դրամի հասույթ է ապահովել։ Այսինքն ստացվում է մի իրավիճակ, երբ պետությունը իր բացառիկ իրավունքը տվել է և այդ գումարները փաստորեն չեն մտնում պետական բյուջե, ու չգիտեմ ուր են մտնում»։

Ֆինանսների նախարարն ասաց, որ մամուլի այդ հրապարակումները հերքվել են. անդրադառնալով տուգանքներին՝ ասաց.- «Չեմ կարծում, որ այդ տուգանքների գումարի նվազելը պետք է պայմանավորել Security Dream կամ մեկ այլ կազմակերպությամբ»։

Փաշինյանին հետաքրքրում էր նաև, թե ներքաղաքական ինչպիսի անկայուն իրավիճակները կարող են սպառնալ տնտեսական աճի ապահովմանը, որոնք են, ըստ կառավարության, հնարավոր տարբերակները և քանի տոկոս է այդ անկայունության հնարավորությունը երկրում: Նախարար Սարգսյանը չկարողացավ ասել, թե ինչ հավանականությամբ և ինչ իրադարձություններ կարող են տեղի ունենալ, որոնք կարող են ազդել տնտեսական աճի վրա։

Հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը նախարար Սարգսյանին հարցրեց, թե հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսվող սոցիալական ծրագրերի իրականացման արդյունքում որքա՞ն կնվազի աղքատությունը: Ըստ Դավիթ Սարգսյանի՝ 2014 թվականի ընթացքում կենսաթոշակների բարձրացման արդյունքում շուրջ 32 հազար մարդ կհատի ծայրահեղ աղքատության շեմը:

Հաջորդ տարվա բյուջեի քննարկումը խորհրդարանում կշարունակվի վաղը:
XS
SM
MD
LG