Մատչելիության հղումներ

Քաղաքացիներն՝ ընդդեմ կենսաթոշակային նոր համակարգի


Կենսաթոշակայինի դեմ վիրտուալ պայքարը տեղափոխվեց փողոց
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00
«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարին» «Ֆեյսբուքում» ստեղծված նախաձեռնության անդամներն այսօր հավաք էին կազմակերպել Մաշտոցի պուրակում, որպեսզի վիրտուալ տարածքից դուրս արտահայտեն իրենց դժգոհությունը պետական այս նոր ծրագրի նկատմամբ։

Նոր ներդրվող համակարգի համաձայն՝ այս հունվարից 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները ամեն ամիս իրենց աշխատավարձի 5 տոկոսը փոխանցելու են մասնավոր ֆոնդերին, որոնք էլ փաստորեն կառավարելու են քաղաքացիների փողերը այնքան ժամանակ մինչև նրանք դառնանք 63 տարեկան: Պետական պաշտոնյաները բացատրում են, որ այսպես երաշխավորվում է մարդկանց ապահով ծերությունը, մինչդեռ այս նախաձեռնության անդամների կարծիքով՝ սա պարզապես «պետական ռեկետ է»:

Այսօրվա հավաքի մասնակիցների նպատակն էր այս խնդրին տալ հանրային մեծ հնչեղություն, քանզի շատերը պարզապես չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում արդեն հաջորդ տարեսկզբին։

«Սկսելու ենք թռուցիկներ բաժանել, պաստառներ են փակցնելու տարբեր վայրերում, հետո կքննարկենք, թե ինչ առաջարկներ կան, մտածենք բողոքի երթ անցկացնելու մասին։ Պահանջներ պետք է մտածենք, որ ԱԺ-ն օրենքը ետ կանչի, օրենքի պարտադիր մասը հանեն, դա է ամենառանցքային հարցը»,- ասաց նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը։

Պարտադիր բաղադրիչի մասը պետական պաշտոնյաները բացատրում են այսպես՝ այսօր երկիրը ժողովրդագրական խնդիր ունի, դառնում է ծերացող պետություն, ավելին՝ նրանք հավաստիացնում են, որ փորձը ցույց է տալիս, եթե քաղաքացուն չեն ստիպում խնայել գումարը, ապա ապագայում սա պետության համար լրացուցիչ սոցիալական բեռ է դառնում: Այս բացատրությունը, սակայն, նոր հարցեր է առաջացնում համակարգին դուրս եկած մարդկանց շրջանում:

«Փոխանակ մենք այն հարցերը լուծենք, որ դեմոգրաֆիկական խնդիրների առաջ չկանգնենք, մտածում ենք՝ ոնց էդ փողերը պահենք, որպեսզի հետո դեմոգրաֆիկական խնդիր լուծենք։ 60 տարի հետո կարող է ընդհանրապես երկիր չլինի, հիմա մտածենք, ինչ կա, խլենք ժողովրդի ձեռքից»,- ասում է Հակոբ Արշակյանը։

Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Կենտրոնական բանկն արդեն երկու միջազգային ընկերությունից Հայաստանում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու հայտ է ստացել:

Այսօրվա հավաքի ներկաներն ասում են, որ անգամ պետությանը չեն վստահում, ուր մնաց թե մասնավոր կառույցներին վստահեն տարիների աշխատած փողը:

Արդեն քննարկման ընթացքում հավաքի մասնակիցները մտածում էին երթ, գործադուլ, թե այլ մի միջոցի դիմել խնդրին ավելի մեծ հնչեղություն տալու և ի վերջո ցանկալի նպատակին հասնելու համար:

Պետական մակարդակով այսօր գովազդվում է, որ ապահով ծերություն ենթադրում է մոտոցիկլետ վարել, հանգիստը կազմակերպել դահուկ քշելով։ Երիտասարդներն այսօր առաջարկում էին պատասխան գովազդ նկարել և ցույց տալ 20 տարի հետո առկա խնդիրները:
XS
SM
MD
LG