Մատչելիության հղումներ

Նախագահը ՏԻՄ աշխատողներին հորդորել է ուշադիր լինել քաղաքացիների նկատմամբ


Նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ օրը այցելել է տարածքային կառավարման նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ղեկավար անձնակազմի հետ՝ տարածքային կառավարման նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքների ու խնդիրների վերաբերյալ, հանդիպման ավարտին պատասխանել նաև նախարարության աշխատակիցներին հետաքրքրող հարցերին:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել տարածքային կառավարման նախարարության գործունեության, առկա ձեռքբերումների, խնդիրների և հետագա ծրագրերի վերաբերյալ: Սարգսյանն ընդգծել է, որ տարածքային կառավարման նախարարության աշխատանքն իր համար, թերևս, ամենակարևորներից է:

Սարգսյանի համոզմամբ, այս համակարգի ներկայացուցիչներն են ի պաշտոնե մեր քաղաքացիների հետ առաջինն անմիջականորեն շփվողները, որոնց միջոցով են մարդիկ պատկերացում կազմում պետության, պետական հոգատարության կամ հակառակի մասին: Նախագահը կարևորել է վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու հանդեպ, որը, ըստ նրա, պետք է որպես ամենակարևոր պահանջ դրվի բոլոր մակարդակի պաշտոնյաների առջև:

«Ես շատ լավ հասկանում եմ, որ և՛ նախարարության, և՛ տարածքային կառավարման մարմինների՝ մարզպետարանների, և՛ ՏԻՄ-երի աշխատողներն իրենց գործառույթների շրջանակներում բազմաթիվ խնդիրներ ունեն լուծելու, հաճախ շատ զբաղված են, բայց սա որևէ կերպ խոչընդոտ չպետք է լինի մարդկանց նկատմամբ ուշադիր լինելու, մեր քաղաքացիների հետ ավելի ջերմ ու սրտացավորեն աշխատելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նաև ասել է, որ մարդիկ հաճախ հուսահատվում են ոչ մեծ խնդիրներից, երբեմն՝ ուղղակի տարրական անուշադրությունից, նեղ ու անելանելի պահին մենակ մնալուց: Հանրապետության ղեկավարը հորդորել է գտնել այն ձևը, որով ՏԻՄ համակարգը շատ ավելի ակտիվ կլինի դժվարության մեջ հայտնված քաղաքացու կողքին լինելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG