Մատչելիության հղումներ

ՀԲ-ն հաջորդ 4 տարվա համար առաջարկում է 843 միլիոնի օժանդակություն Հայաստանին


Համաշխարհային բանկի լոգոն Վաշինգտոնում Բանկի կենտրոնակայանի շքամուտքի պատին
Համաշխարհային բանկի լոգոն Վաշինգտոնում Բանկի կենտրոնակայանի շքամուտքի պատին

Բանկը նաև հաստատել է 72 միլիոն դոլար վարկի տրամադրումը Հայաստանին՝ աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու նպատակով:

Հինգշաբթի օրը Վաշինգտոնում, Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի հետ Բանկի 2014-2017 թվականների Երկրի գործընկերության ռազմավարությունը:

Քառամյա այս ռազմավարությունը շրջանակային փաստաթուղթ է, որտեղ ուրվագծվում է Համաշխարհային բանկի օժանդակությունը երկրին:

ՀԲ-ի հաղորդագրության համաձայն, ռազմավարությունը հիմնվում է մինչև 2025 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարության վրա` Համաշխարհային բանկի արձագանքի առանցքային գործոնը դարձնելով մասնավոր հատվածի կողմից աշխատատեղերի ստեղծումը: Այն նաև շեշտադրում է ավելի քան մեկ միլիոն կազմող գյուղական բնակչության կենսապահովման միջոց հանդիսացող գյուղատնտեսական ոլորտում աշխատանքի արտադրողականության բարելավումը, որը կարող է հանգեցնել ավելի մեծ տնտեսական աճի, ընդհանուր բարեկեցության և աղքատության ավելի արագ նվազեցման թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում:

Ռազմավարությամբ հաջորդ չորս տարիների համար առաջարկվում է 843 միլիոն դոլարի ֆինանսական օժանդակություն՝ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմամբ:

Ռազմավարության ներքո Հայաստանին աջակցություն կցուցաբերվի հետևյալ երկու ուղղություններով. մրցունակությանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված աջակցություն՝ բիզնես վարելու դյուրինացման, արտահանման ու տուրիզմի խթանման և ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով, և սոցիալական ծառայությունների մատուցման արդյունավետության ու արդարացիության բարելավմանն ուղղված աջակցություն՝ որակյալ առողջապահական, կրթական ծառայությունները հասանելի դարձնելով բոլորի, հատկապես՝ կանանց համար և սոցիալական ապահովության համակարգը ամրապնդելու միջոցով:

«Մեկ այլ կարևոր ներկառուցված և մյուս ուղղությունները փոխլրացնող ուղղություն է կառավարման ու հանրային ծառայությունների ոլորտում ձեռնարկվող հակակոռուպցիոն միջոցառումների բարելավումը: Ռազմավարությունը կօգնի վերանայել գոյություն ունեցող հակակոռուպցիոն միջոցները, բարելավել հանրային վարչարարման արդյունավետությունը և խորացնել պետական ֆինանսների կառավարման բարեփոխումները», - ասված է հաղորդագրությունում:

ՀԲ-ի գործադիր տնօրենների խորհուրդը նույն օրը նաև հաստատել է 72 միլիոն դոլար վարկի տրամադրումը Հայաստանին Զարգացման քաղաքականության առաջին գործառնության (ԶՔԳ) ներքո, որն ուղղված է մակրոտնտեսական կայունության խթանման, գործարար միջավայրի բարելավման, տնտեսության կայունության մեծացման միջոցով ցնցումների նկատմամբ ճկունության ապահովման բարեփոխումներին:

«Սա երեք ԶՔԳ-ների շարքի առաջին ծրագիրն է, որը կօգնի Հայաստանին իր ռազմավարական նպատակների իրականացման հարցում, մասնավորապես՝ աշխատատեղերի ստեղծման հարցում, որը զարգացման ճանապարհին Հայաստանի հիմնական մարտահրավերն է: Ծրագիրը նպատակ ունի օգնել Հայաստանին կրճատելու աղքատությունը և նպաստելու ընդհանուր բարեկեցությանը՝ աճը խորացնող բարեփոխումների ճանապարհով», - ասված է Բանկի հաղորդագրությունում:

«Այս ԶՔԳ-ի ներքո նախատեսվում է ծրագրային աշխատանքների շարք, որը կլրացնի Հայաստանի զարգացման պատկերը», - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին․ - «Առաջարկվող նոր շարքում ճգնաժամի հանդեպ խոցելիությունների մեղմացումից շեշտադրումը փոխվում է դեպի միջնաժամկետ օրակարգ, դեպի աճի շարժիչ գործոնների ամրապնդում: Բանկը պատրաստ է աջակցել այս մարտահրավերներին դիմակայելու պատկան մարմինների ջանքերին»:

Ծրագիրը կառուցված է երկու հենասյուների շուրջ: Առաջինը՝ գործարար միջավայրի ու հանրային վարչարարության կարևորագույն բարեփոխումների միջոցով նպատակ ունի ամրապնդել մրցունակությունը: Ակնկալվում է, մասնավորապես, որ այս քայլերը կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը՝ բիզնես վարելու ծախսերը նվազեցնելու, ՓՄՁ-ների համար վարկային ռեսուրսների հասանելիությունը մեծացնելու, Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս առևտրի ու կապերի մեծացման միջոցով զբաղվածության ու աշխատատեղերի ստեղծման հնարավորությունները մեծացնելու միջոցով: Երկրորդը՝ ցնցումների նկատմամբ տնտեսության ճկունության մեծացումն է ու երկարաժամկետ կայունության ապահովումը՝ հարկաբյուջետային տիրույթի ձևավորման, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործման, հանրային ծառայություններն ու ապրանքները ավելի լայնորեն հասանելի դարձնելու և շրջակա միջավայրը պաշտպանելու միջոցով:

Առաջին ԶՔԳ-ը ներառում է 41 միլիոն դոլարին համարժեք փոխառություն ՄԶԸ-ից և 31 միլիոն դոլար վարկ ՎԶՄԲ-ից: ՄԶԸ փոխառությունը տրվում է 25 տարով, ունի 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան, իսկ ՎԶՄԲ-ը վարկը տրվում է 25 տարով և ունի 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան:

1992 թվականից ի վեր՝ Համաշխարհային բանկին Հայաստանի անդամակցության պահից մինչ օրս, տարբեր ծրագրերի համար հատկացվել է 1 միլիարդ 746 միլիոն դոլար: Ներկայումս Համաշխարհային բանկի պորտֆելում կա 14 ակտիվ ծրագիր, որոնց ընդհանուր գումարային արժեքը կազմում է 445․4 միլիոն դոլար, ասված է Բանկի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG