Մատչելիության հղումներ

Ջեյմս Ուորլիք. «Մեր նպատակն է նախագահների հանդիպում կազմակերպելը»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, 12-ը սեպտեմբերի, 2013թ․
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, 12-ը սեպտեմբերի, 2013թ․

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը խորհուրդ է տալիս «իրատեսորեն նայել ապագային»:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզված է` «ղարաբաղյան խնդրի կարգավորման որոշիչ գործոնը Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի կողմից քաղաքական կամքի դրսևորումն է»: Այս մասին ամերիկացի դիվանագետն ասել է չորեքշաբթի օրը «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի հետ զրույցում:

Ուորլիքը նշել է, որ հաջորդ շաբաթ արդեն Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ կմեկնեն տարածաշրջան: Այցի հիմնական նպատակներից մեկը նախագահների հանդիպում կազմակերպելն է:

«Բավական երկար դադարից հետո առաջին անգամ համանախագահները փորձում են երկու երկրների ղեկավարներին բանացությունների սեղանի շուրջ նստեցնել: Այդ համատեքստում կողմերի միջև վստահության հարցը կենսական նշանակություն է ձեռք բերում», - նշել է ամերիկացի համանախագահը:

Ուորլիքը, սակայն, չի հստակեցնում, թե երբ և որտեղ կարող է կայանալ Սարգսյան - Ալիև հանդիպումը: «Դա կախված է երկու նախագահներից, բայց ես հույս ունեմ, որ այն տեղի կունենա մոտ ապագայում», - ասել է նա:

Ինչ վերաբերում է բանակցությունների հնարավոր ընթացքին, ապա Ուորլիքը խորհուրդ է տալիս «իրատեսորեն նայել ապագային»: «Այժմ պետք է գործնական քայլեր ձեռնարկել լայնածավալ բանակցություններ սկսելու և որոշումներ գտնելու համար», - նշել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Խոսելով առաջիկա այցից իր ակնկալիքների մասին` Ուորլիքը նկատել է․ - «Հուսով ենք, որ երկու նախագահները որոշում կկայացնեն երկկողմ հանդիպման մասին: Ամեն դեպքում, անհրաժեշտ է պահպանել փոխադարձ կապերն ու արդյունավետ բանակցություններ անցկացնել` առաջընթաց ապահովելու նպատակով»:

Ամերիկացի համանախագահի համոզմամբ, սակայն, այսօր իրադրությունը Լեռնային Ղարաբաղում «վտանգավոր է»: «Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են սպառազինություն ձեռք բերել, բայց հարկ է նկատել, որ իրադարձությունները կարող են զարգանալ նաև տրամագծորեն հակառակ, «հայելային» ուղղությամբ, եթե իհարկե հակամարտող պետությունների ղեկավարներն ընտրեն խաղաղ կարգավորման տարբերակն ու Մինսկի խմբի ձևաչափը», - նշել է Ջեյմս Ուորլիքը:

Ուորլիքն այս հարցազրույցը տվել է Ջորջթաունի համալսարանում երեկ կայացած համաժողովի ավարտին, որ նվիրված էր Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Իրանի վարած քաղաքականությանը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը համաժողովի շրջանակներում նաև հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում հատուկ ընդգծել է․ - «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ՝ ավելի ճիշտ կլիներ այն անվանել մոռացված հակամարտություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG