Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Երբեմն ավելի լավ է լռել, քան թե խոսել»


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

Իշխող կուսակցության խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց առաջին նախագահի հայտարարությունը։

«Երբեմն ավելի լավ է լռել, քան թե խոսել», - հայտարարեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով գնահատելով Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությունը, որում առաջին նախագահը պահանջում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

«Նախ, Ձեր նշած առաջին նախագահի, այսօր արդեն՝ քաղաքական թոշակառուի և ձախողված քաղաքական գործչի այսօրվա հայտարարության վերաբերյալ ունեմ երկու դիտարկում», - ասաց Շարմազանովը՝ մանրամասնելով. - «Դիտարկում առաջինը այն է, որ արտաքին քաղաքականության հարցերով Բադասյանին խորհրդական ընտրելը խոսում է մի գործչի մոտեցումների կայունության մասին, ով որ ժամանակին իր ներքին քաղաքական հարցերի մասով խորհրդական էր ընտրել հայտնի «Քեռուն»։ Եվ երկրորդ դիտարկումը՝ առնվազն զավեշտալի է, որ Արցախի հարցի մասին, Արցախը կորցնելու մասին խոսում է մի գործիչ, ով որ իր կառավարման սկզբնական շրջանում՝ կոնկրետ 92 թվականի մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հստակ նշում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ինքնավար հանրապետություն պետք է մտնի Ադրբեջանի կազմի մեջ։ Էլ չեմ ասում, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ մարդու արտաքին քաղաքականության մեխերից մեկը քիրվայությունն էր ադրբեջանցիների հետ»։

«Իմ դիտարկումը հետևյալն է, որ երբեմն ավելի լավ է լռել, քան թե խոսել», - նշեց Հանրապետականի խոսնակը։

«Իսկ ո՞րն է պատճառը, Ձեր կարծիքով, ինչո՞ւ նա որոշեց այս պահին նման հայտարարությամբ հանդես գալ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին էլ Շարմազանովը արձագանքեց. - «Դե, ձախողված քաղաքական գործիչները երբեմն խնդիր ունեն հիշեցնելու իրենց մասին, սակայն սա շատ վատ փորձ էր և վատ առիթ»։

«Իսկ չե՞ք կարծում, որ կա ճշմարտություն այն առումով, որ Հայաստանը այսօր կորցրել է իր վստահությունը և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանի կողմից՝ իր այս վերջին արտաքին քաղաքականության պատճառով», - այս հարցին էլ իշխող կուսակցության խոսնակը հակադարձեց. - «Իհարկե չեմ կարծում, եթե որևէ մեկի նկատմամբ էլ վստահություն կորցրել է, ապա կորցրել է ժողովուրդը երբեմնի ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանից և նրա շրջապատից»։

Տեր-Պետրոսյանի հավաստիացման կապակցությամբ, որ եթե Սերժ Սարգսյանը կամավոր հրաժարական տա, ապա վենդետտայի խնդիր չի լինի, ավելին՝ Ազգային ժողովը պետք է լիակատար անձեռնմխելիությամբ օժտի նրա անձը և գույքը, Շարմազանովը հայտարարեց. - «Ուրեմն, Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրված նախագահ է, Սերժ Սարգսյանը ունի վստահության քվե և մանդատ և իրականացնում է այն քաղաքականությունը, որը նրան պատվիրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը։ Իսկ ձախողված քաղաքական գործիչներին ու քաղաքական թոշակառուներին մեկնաբանելու կարիք այլևս չեմ զգում»։

«Բայց կարծես թե Տեր-Պետրոսյանը չունի մղումներ առաջադրվելու և անգամ հավաստիացնում է, որ եթե Սերժ Սարգսյանը կամավոր հաժարական տա, ինքը չի առաջադրվի, եթե իհարկե Ռոբերտ Քոչարյանը չառաջադրվի», - այս դիտարկմանն էլ Ազգային ժողովի փոխնախագահը արձագանքեց. - «Դե այնպես չէ, որ լավություն անելով չի առաջադրվում. եթե հիշում եք, իր հենց թիմի ներկայացուցիչներն էին ժամանակին ասում, որ առաջադրման դեպքում լավագույնը 7-10 տոկոսի են հավակնում: Իսկ որտե՞ղ ինքը առաջադրվի, եթե իր գլխավորած շարժումը՝ արդեն կա ՀԱԿ, կա ՀԱԿԿ, կա ՀՀՇ, 6 հատ ՀՀՇ կա, 7 հատ ՀԱԿ կա, նույն այն խմբակցությունը, որտեղ առաջին համարը Տեր-Պետրոսյանն էր, 7 հոգի են, գոնե 7-ից 3-ը տարբեր բաներ են անում։ Թիմ պետք է ունենա, որ առաջադրվի, ինքը իրեն թոշակի ուղարկել, հիմա ինչ է՝ վերադառնո՞ւմ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG