Մատչելիության հղումներ

Խաբված բնակիչները կրկին բողոքում են


Դեռ 13 տարի առաջ Երևանյան 2-րդ Եկմալյան 5 հասցեում կառուցվող շենքում քաղաքացիները բնակարաններ ձեռք բերելու համար տասնյակ հազարավոր գումարներ տվեցին կառուցապատողին։ Այդ բնակարաններին տեր դառնալ, սակայն, մինչ օրս նրանց չի հաջողվում։

Կառուցապատող Գագիկ Պապոյանն այսօր բանտում է՝ խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար։

Պատմությունը բավական խճճված է։ Այն տարածքից, որի վրա բնակիչների համար շենք է կառուցվել, 250 քառակուսի մետր հատկացվել է ԲՀԿ անդամ Անդրանիկ Խալոյանին և դա այն պարագայում, երբ նշված տարածքի վրա արդեն իսկ կառուցված Է եղել վերոհիշյալ բնակիչներին վաճառված եռահարկ շենքը։ Բնակարանների համար մեծ գումարներ վճարած բնակիչները, փաստորեն, արդեն 5 տարի է զրկված են սեփական բնակարաններ մուտք գործելու հնարավորությունից։

Նրանք բազմիցս դիմել են քաղաքապետարան, ու թեև քաղաքապետարանից նրանց տեղեկացրել են, որ Խալոյանը տարածքի օրինական տերն է, բնակիչների համար ավելի համոզիչ է հնչում Խալոյանի՝ դատարանում տված ցուցմունքը։

«Հողին տիրացել է ապօրինի։ Խալոյանը դատարանում ասաց, որ թղթերը ստացել է շենքի կեսը կառուցելուց հետո»,- նշեցին նրանք։

Կապ հաստատեցինք Խալոյանի հետ։ Հարցերին չպատասխանեց՝ պատճառաբանեց, որ վատառողջ է։

«Ազատության» հետ զրույցում բնակիչները նշում են, որ բնակարանի համար վճարել են 70 000-80 000-ական դոլար։ Տարիների ողջ խնայողություններն են ներդրել, բայց այսօր դրսում են մնացել։

«Իմ բնակարանի համար 80 000 դոլար եմ վճարել։ Մեկ սենյականոցի մեջ 6 հոգով վարձով ենք ապրում։ 20 000 դրամ թոշակ ես եմ ստանում, 30 000 դրամ ամուսինս։ Ոնց ապրենք։ Ես իմ վերջին հացի փողը տամ, որ տունս մեծացնեմ, որ երեխաներս լավ ապրեն, այսօր ինչ-որ մեկը գա վերցնի»,- ասաց Լաուրա Կարապետյանը։

Հայաստան Մկրտչյանն էլ նշեց.- «Մեր փողերով մեր շենքը կառուցել ենք, սենց բան ոչ մի երկրում չկա, նույնիսկ ԱԺ-ում մեր հարցը չեն քննարկում։ Կարող է հասարակ հարց է, մի փոր երկրում նման կոռուպցիա՞»։

Բնակիչները դռնից դուռ են անցնել, դիմել են ընդհուպ մինչև դատախազություն, նույնիսկ բողոքի ակցիաներ են կազմակերպել, բայց մինչ օրս արձագանք չեն ստացել ու հիմա նորից դիմում են նախագահին.- «Շատ ենք խնդրում թե մեր վարչապետին, թե նախագահին։ Մենք վստահ եմ, եթե իրենք մի քիչ ուշադրություն դարձնեն, մի քիչ քչփորեն այդ մարդկանց, հարցը կլուծվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG