Մատչելիության հղումներ

Նախնական արդյունքներով՝ Վրաստանի նախագահ է ընտրվել Գիորգի Մարգվելաշվիլին


Վրաստանի նախագահի առաջատար թեկնածուներ Գիորգի Մարգվելաշվիլի (ձախից), Դավիթ Բաքրաձե և Նինո Բուրջանաձե
Վրաստանի նախագահի առաջատար թեկնածուներ Գիորգի Մարգվելաշվիլի (ձախից), Դավիթ Բաքրաձե և Նինո Բուրջանաձե

Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել ընդունել մեծամասնության կարծիքը և ժողովրդավարության չափանիշներին համապատասխան միասին կառուցել երկիրը:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներով՝ կիրակի օրը երկրում անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու, նախկին փոխվարչապետ և կրթության նախկին նախարար Գիորգի Մարգվելաշվիլին:

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Մարգվելաշվիլին ստացել է ձայների մոտ 62 տոկոսը, գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն ձայների 21 տոկոսով երկրորդ տեղում է, «Ժողովրդավարական շարժում - Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 10 տոկոսը: Ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 46․5 տոկոսը:

Առավել թվով ձայներ ստացած Մարգվելաշվիլին հատուկ երախտագիտություն է հայտնել «Վրացական երազանք»-ի առաջնորդ, երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:

Դավիթ Բաքրաձեն դեռ երեկ երեկոյան շնորհավորել է Գիորգի Մարգվելաշվիլիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ հենվելով էքզիթ փոլի արդյունքների վրա, և պատրաստակամություն է հայտնել որպես ընդդիմության առաջնորդ շարունակել համագործակցել նախագահի և կառավարության հետ՝ հանուն երկրի առաջընթացի և ժողովրդի բարեկեցության:

Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել ընդունել մեծամասնության կարծիքը և ժողովրդավարության չափանիշներին համապատասխան միասին կառուցել երկիրը ըստ արևմտյան սկզբունքների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG