Մատչելիության հղումներ

Ուղևորափոխադրողները առայժմ կբավարարվեն 150 դրամով


Երևանի տարածքում ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները համաձայնել են ուղեվարձի բարձրացման փուլային տարբերակին՝ առայժմ բավարարվելով 150 դրամով:

«150 դրամով փոխադրումները կազմակերպելու դեպքում մենք ընդամենը մի խնդիր կլուծենք․ մենք կերկարացնենք ռեանիմացիոն պրոցեսը ընկերությունների, մեծ փոփոխություններ չեն լինի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Հենց այս միության խնդրանքով է այժմ Երևանի քաղաքապետարանում քննարկվում ուղեվարձի բարձրացման հարցը։ Եղիազարյանի համոզմամբ 100 դրամ սակագինը պահպանելու դեպքում երթուղիները սպասարկող ընկերությունները պարզապես կլուծարվեն, ուստի թանկացումն անխուսափելի է։

Ուղևորափոխադրողների միության նախագահի խոսքով, իրենք քաղաքապետարանին դիմել էին ուղեվարձը 200-ից 250 դրամ սահմանելու համար, բայց հաշվի են առել բնակչության սոցիալական վիճակն ու համաձայնել ուղեվարձը բարձրացնել փուլային տարբերակով, առայժմ բավարարվելով 150 դրամով:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպում-բանավեճին ակտիվիստներին ներկայացնող Դավիթ Գևորգյանը, այս առնչությամբ հայտարարեց, որ իրենց հաշվարկներով ուղեվարձը Երևանում պետք է ոչ թե պետք է բարձրանա, այլ հակառակը՝ նվազի մինչև 75 դրամ։

Ինչ վերաբերում է ուղեվարձի բարձրացման հարցով քաղաքապետարանի նախաձեռնությամբ ձևավորված հանձնաժողովին, ապա Միության համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները չեն մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին և այնտեղ ներկայացնում իրենց առարկությունները։

«Հանձնաժողովի կազմը՝ 23 հոգին, վերջին 3 ընտրությունների ժամանակ Հանրապետական ցուցակի մասնակիցներ են: Այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը նույնն է, թե մենք երկու հոգով գնանք մտնենք Հանրապետական կուսակցության գրասենյակ, փորձենք այնտեղ ինչ-որ հարց բարձրացնել երկրին հուզող», - հակադարձեց ակտիվիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG