Մատչելիության հղումներ

Վոլեյբոլային պատերազմներ. Ծառուկյան-Բաղդասարյանը կռիվը չի հանդարտվում


Նախկին կոալիցիոն գործընկերներ Գագիկ Ծառուկյանն (ձ) և Արթուր Բաղդասարյանը (աջ) վիճել են Վոլեյբոլի ֆեդերացիայի պատճառով։
Նախկին կոալիցիոն գործընկերներ Գագիկ Ծառուկյանն (ձ) և Արթուր Բաղդասարյանը (աջ) վիճել են Վոլեյբոլի ֆեդերացիայի պատճառով։
Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան հակամարտությանն այսօր արդեն միջամտել է արդարադատության նախարարը:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը դարձավ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ: Մամուլը գրեց, որ Բաղդասարյանը այդ պաշտոնում ընտրվել է շրջանցելով Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
Կրքերն այնքան են թեժացել, որ անցած շաբաթ Սերժ Սարգսյանին դիմավորելիս Ծառուկյանն ու Բաղդասարյանը օդակայանում թեժ կռվի են բռնվել: Կռվով, իհարկե, ամեն ինչ չավարտվեց:

Երեկ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Հայաստանի օլիմպիական կոմիտեն հայտարարեց, որ Վոլեյբոլի ֆեդերացիան կարող է ներկայացված լինել միջազգային կառույցներում միայն այն բանից հետո, երբ ՀԱՕԿ-ը այն ճանաչի, կոմիտեն անգամ կարող է Արթուր Բաղդասարյանի ղեկավարած Վոլեյբոլի ֆեդերացիայի միջազգային ճանաչումը ետ կանչել:

Ծառուկյան-Բաղդասարյան հակամարտությանն այսօր միջամտեց արդարադատության նախարարը, ըստ էության, պաշտպանելով Վոլեյբոլի ֆեդերացիային: Մասնավորապես, նախարարությունը նշում է, թե Բաղդասարյանի ղեկավարած ֆեդերացիան անկախ է Ծառուկյանի Օլիմպիական կոմիտեից, հետևաբար կարող է ինքնուրույն ղեկավար ընտրել:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչո՞ւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը որոշեց Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալով, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը ուշագրավ պատասխան տվեց՝ ընդգծելով, որ այդ հարցը քննարկվել է երկրի ղեկավարի մակարդակով։

«Առաջարկություն է եղել, նաև իր կոլեգան Ռուսաստանում Նիկոլայ Պատրուշևը Վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարն է, եղել է համագործակցության պայմանագիր, և այստեղ կարծես թե եղել է այդպիսի քննարկում, վստահ եմ, որ այդ քննարկումը եղել է նաև երկրի ղեկավարի մակարդակով, և որոշվել է, որ այստեղ Հայաստանում [ֆեդերացիայի նախագահ] լինի Արթուր Բաղդասարյանը, ով նաև կհամագործակցի Ռուսաստանի համապատասխան ֆեդերացիայի հետ, այստեղ տարբեր ներդրումներ կլինեն և կհզորանա այդ սպորտային ձևը։ Եղել է համաձայնություն և չէր կարող չլինել»,- ասաց Բիշարյանը։

Հեղինե Բիշարյանը հնարավոր չի համարում, որ այսքանից հետո Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Օլիմպիական կոմիտեն կարող է Արթուր Բաղդասարյանի Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում նշանակումը չեղյալ հայտարարել: Ավելին՝ ՕԵԿ փոխնախագահը հավատացած է, որ Արթուր Բաղդասարյանը ամեն ինչ կանի, որպեսզի վոլեյբոլը Հայաստանում ծաղկի։

Մինչդեռ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը համոզված է Արթուր Բաղդասարյանը բազմաթիվ ընթացակարգային խախտումներով է ընտրվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ:

«Որևէ մեկը անկախ իր զբաղեցրած պաշտոնից, անկախ իր հավակնություններից և անկախ իր ցանկություններից, չի կարող շրջանցել Օլիմպիական կոմիտեն։ Ես հիմա չեմ ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել, խնդիրը կկարգավորվի Օլիմպիական կոմիտեի կանոնադրության շրջանակներում»,- ասաց Զոհրաբյանը։

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, անդրադառնալով արդեն մեծ աղմուկ բարձրացրած վոլեյբոլային այս սկանդալին՝ ընդգծեց, որ սպորտը ցանկացած երկրում համակարգում և արտերկրում ներկայացնում է Օլիմպիական կոմիտեն, հետևաբար կոմիտեն է պատասխանատու այս կամ այն ֆեդերացիայի ձևավորման և զարգացման համար։

Հարցին, թե ինչո՞ւ Անվտանգության խորհրդի քարտուղարը որոշեց շրջանցելով Ծառուկյանին Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալ, Լյովա Խաչատրյանը հումորով արձագանքեց.- «Որովհետև Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի տեղը թափուր չէր, թափուր էր Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի տեղը... մի հատ անեկդոտ պատմեմ. մեկը անընդհատ մի վետերոկ է գալիս, մտնում է, ասում է՝ մի բաժակ լից, լցնում է, խմում է, ասում է՝ խիյար տուր, խիյար են տալիս, կոխում է ականջը, փողը տալի, էթում ա, ու տենց ամեն օր... մի օր էլ գալիս է, ասում է մի բաժակ լից, լցնում են, խմում է, խիյար է ուզում, ասում է՝ խիյար չկա, ասում է՝ գազար տուր, գազարը կոխում է ականջը, որ գնա, ասում են՝ արա, կարա՞ս բացատրես, խի ես գազար կոխում ականջդ, ասում է՝ դե, խիյար չկար, ի՞նչ անեի»։
XS
SM
MD
LG