Մատչելիության հղումներ

Կոմպոզիտորների միության ընդդիմադիր թևը մարտական է տրամադրված


Կոմպոզիտոր Արամ Սաթյանը
Կոմպոզիտոր Արամ Սաթյանը
Առաջիկա շաբաթ օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հրավիրված Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության համագումարում ընդդիմադիր թևը հույս ունի փոխել երկու տասնամյակից ավելի միությունը գլխավորող նախագահին` Ռոբերտ Ամիրխանյանին:

Վերջին տարիներին միության անդամների մի մասը չի թաքցնում իր գժգոհությունը միության աշխատանքներից և ղեկավարից:

Համագումարին ընդառաջ չորս տասնյակից ավելի երիտասարդ կոմպոզիտորներ բաց նամակ էին հրապարակել` բարձրաձայնելով իրենց մտահոգություններն ու պահանջելով հրավիրել արտահերթ համագումար:

Նախորդ` 2009 թվականին կայացած համագումարում Ամիրխանյանի մրցակից Լևոն Չաուշյանն առաջիկա համագումարում չի առաջադրվելու` ցույց տալու, որ «սա աթոռակռիվ չէ»:

Համագումարում ընդդիմադիր թևն առաջադրելու է կոմպոզիտոր Արամ Սաթյանի թեկնածությունը:

Այսօր լրագրողներին հետ հանդիպմանը Սաթյանը պարզաբանեց, թե ինչու են որոշել համագումարն անցկացնել, ոչ թե Կոմպոզիտորների միության դահլիճում, այլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում` հրավիրելով նաև այլ ստեղծագործական միությունների անդամներին. - «Թող լինի շոու: Այստեղ պետք է խոսել արվեստի մասին, երաժշտության մասին, ստրուկտուրալ փոփոխությունների մասին: Այդ շոուն ինքնահաստատման ձևերից է»:

Անդրադառնալով համագումարում իր և իր կողմնակիցների ծրագրերին`Սաթյանն ասաց. - «Մենք սցենարներ չենք գրում: Մենք ուզում եք քննարկել մեր վիճակը: Մենք ուզում ենք, որ փոխվի ինչ-որ մի բան, լավ լինի»:

Արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, կոմպոզիտորն ասաց, թե իրական է համարում միության ղեկավարի փոփոխությունը` հավելելով. - «Դա բարդ հարց է: Լավ հարց է և բարդ: Որովհետև առաջին հերթին մարդիկ վախենում են կորցնել այն, ինչ ունեն... Նրանք վախենում ենք նորությունից»:

«Ես կարծում եմ, այստեղ մի հարց կա. ի՞նչը պետք է կարողանա առաջնակարգ լինել այս համագումարում: Արժանապատիվ մարդու կեցվածքը», - եզրափակեց Արամ Սաթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG