Մատչելիության հղումներ

Աբրահամյանը պատվիրակությունների կազմավորման նոր կարգի մասին նախագիծ է ներկայացրել


Աբրահամյանը պատվիրակությունների կազմավորման նոր կարգի մասին նախագիծ է ներկայացրել
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ՝ նրանց ներկայացնելով միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայաստանյան պատվիրակությունների կազմավորման և գործունեության կարգին վերաբերող նախագիծը:

Հիշեցնենք, Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված կազինոյի մասին հայտնի հարցից հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե հաշվի առնելով Փոստանջյանի վարքագիծը՝ պատրաստվում է փոփոխություն կատարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական պատվիրակության կազմում:

Եվ այսօր արդեն Աբրահամյանը խորհրդարանական խմբակցություններին է ներկայացրել պատվիրակությունների կազմավորման նոր կարգի մասին նախագիծ, որի համաձայն, օրինակ, Ազգային ժողովի նախագահը կարող է սահմանել ռոտացիոն կարգ՝ հնարավորություն ընձեռելով պատվիրակության կազմում չընդգրկված խմբակցության ներկայացուցիչներին ընդգրկվել պատվիրակության կազմում:

Խորհրդարանականները մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ ռոտացիոն այս կարգի շնորհիվ Աբրահամյանը կարող է ԵԽԽՎ պատվիրակությունում Զարուհի Փոստանջյանին փոխարինել «Օրինաց երկրի» պատգամավորով: Սակայն Հովիկ Աբրահամյանի ներկայացրած կարգը մեկ այլ ուշագրավ կետ էլ ունի, ըստ որի՝ խմբակցությունները պատվիրակությունների կազմում թեկնածուներ պետք է ներկայացնեն հատկացված տեղերի կրկնապատիկի թվով: Այսինքն, օրինակ, «Ժառանգություն» խմբակցությունը պետք է ներկայացնի երկու թեկնածու, որից մեկին էլ կընտրի Հովիկ Աբրահամյանը: Ընդ որում եթե «Ժառանգությունը» սահմանված ժամկետում երկու թեկնածու չառաջարկի, ապա Հովիկ Աբրահամյանը կարող է «Ժառանգության» տեղը հատկացնել այլ խմբակցության:

«Ժառանգություն» խմբակցության նորանշանակ ղեկավար Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ Աբրահամյանի այս ավտորիտար քայլը ուղղված է իր և «Ժառանգության» դեմ։ Փոստանջյանն այսօր մասնակցել է Հովիկ Աբրահամյանի կազմակերպած խորհրդակցությանը և իր այս համոզմունքը փոխանցել է նաև նրան։

«Ասացի, որ սա ուղղակի քաղաքական հետապնդման միջոց է։ Հիմա պարոն Աբրահամյանը փորձում է կարգի վերաբերյալ այդ փոփոխությունները մտցնել և, ըստ էության, Հանրապետական կուսակցությունը ցանկանում է բոլոր պարագաներում լինել իր կամքը ստիպողի դերում, բայց, իհարկե, մենք էլ չենք պատրաստվում հանդուրժել»,- ասաց Փոստանջյանը՝ կարծիք հայտնելով, որ Աբահամյանին դեռ չի հաջողվի իրեն պատվիրակության կազմից հանել.- «Որովհետև այն, ինչ նա նախաձեռնել է, և հակաօրինական է, և նաև ուղղակի բնորոշ է ավտորիտար ռեժիմներին»։

Փոստանջյանի փոխանցմամբ՝ պատվիրակությունների կազմը իրեն հարմար ձևով կազմելու Աբրահամյանի ցանկությանը ընդդիմացել են նաև այլ խմբակցությունների ղեկավարներ: Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի այն առաջարկին, որով նա ցանկանում է, որ յուրաքանչյուր խմբակցություն մի քանի թեկնածու առաջարկի, որոնցից մեկին էլ Աբրահամյանը իր ցանկությամբ կընտրի:

«Լևոն Զուրաբյանը շատ դիպուկ մի հայտարարություն արեց, ասաց՝ «կարո՞ղ է գիտեք՝ Օսմանյան կայսրությունում ենք»»,- ասաց Փոստանջյանը։

Լևոն Զուրաբյանը հաստատեց, որ Հովիկ Աբրահամյանի քայլը համեմատել է Օսմանյան կայսրության սուլթանի գործելաոճի հետ, սակայն միևնույն ժամանակ ընդգծեց, թե կոռեկտ չէ, որ փակ հանդիպման ընթացքում իր հնչեցրած մտքերը Փոստանջյանը հրապարակայնացնում է:

«Ես ասել եմ՝ չի կարելի այնպիսի կարգ սահմանել, որ պատվիրակությունը ներկայացնի մի քանի թեկնածու, և ԱԺ-ն որոշի, թե ով է լինելու պատվիրակության անդամը։ Եվ, այո, հումորով դա նմանեցրել եմ Օսմանյան կայսրությունում տիրող կարգերին, երբ Հայոց կաթողիկոսի երեք թեկնածու պետք է ներկայացվեին, և սուլթանը պետք է որոշեր, թե ում է նշանակում Ամենայն Հայոց կաթողիկոս»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով.- «Ես մեր խմբակցության կողմից արել եմ դիտողություններ նախագծի վերաբերյալ, որոնց էությունը հետևյալն է՝ առաջինը, պատվիրակությունների կազմը պետք է ձևավորվի համաձայն ֆրակցիայի մեծությանը, և երկրորդ՝ ֆրակցիան ինքը պետք է որոշի, թե ում է ներկայացնում»։

Փոստանջյանի այն պնդում, թե Հովիկ Աբրահամյանի այս քայլը ուղղված է «Ժառանգության» դեմ, Զուրաբյանը չցանկացավ մեկնաբանել։

«Քայլեր դեռ չեն կատարվել, որոնք ավելի ավտորիտար կառավարում են մտցնում։ Երբ քայլերը կկատարվեն, այդ ժամանակ մենք կկարողանանք գնահատականներ տալ»,- ասաց նա։

Աբրահամյանի ներկայացրած այս նախագիծը չի քվեարկվելու։ Ինչպես փոխանցեց Գալուստ Սահակյանը, խմբակցությունների ղեկավարների հետ լրացուցիչ խորհրդակցություններից հետո Հովիկ Աբրահամյանը կստորագրի այս նոր կարգը, որն անմիջապես ուժի մեջ կմտնի:
XS
SM
MD
LG