Մատչելիության հղումներ

Կոռուպցիան Հայաստանում խնդիր է համարում Gallup-ի հարցման մասնակիցների 74 տոկոսը


Gallup-ը տարբեր երկրների հարցման արդյունքները համեմատում է առանձին խմբերում` ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ մամուլ ունեցող երկրների համար:

Որքանով է կոռուպցիան տարածված պետական համակարգում. հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Gallup կազմակերպությունը հրապարակել է 2012 թվականին 129 երկրներում անցկացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ այդ երկրներից 108-ում հարցվածների մեծ մասը կոռուպցիան տարածված երևույթ են համարել իրենց պետական համակարգում:

Հարավային Կովկասի տարածաշրջանում կոռուպցիայի տարածվածության առումով վիճակը ամենալավը Վրաստանում է՝ այստեղ հարցվածների միայն 25 տոկոսն է կարծիք հայտնել, որ պետական կառույցներում կոռուպցիան խնդիր է: Ադրբեջանում հարցվածների կեսից ավելին` 62 տոկոսն է ասել, որ պետական համակարգը կոռումպացված է, իսկ Հայաստանում նման կարծիք արտահայտել է 74 տոկոսը:

Gallup-ը տարբեր երկրների հարցման արդյունքները միմյանց հետ համեմատում է առանձին խմբերում` ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ մամուլ ունեցող երկրների համար, նշելով, որ կոռուպցիայի մասին հարցերը բավական նուրբ հարցեր են հատկապես ազատ խոսքը ճնշող երկրներում, հետևաբար՝ այդ երկրներում արձանագրված արդյունքները կարող են վկայել այն մասին, որ քաղաքացիները խուսափում են բարձրաձայնել կոռուպցիայի մասին և քննադատել իշխանություններին:

Ոչ ազատ մամուլ ունեցող երկրների խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանը, ամենաքիչը Ռուանդայում են սեփական իշխանություններին կոռումպացված համարում՝ այդ երկրում հարցվածների միայն 5 տոկոսն է նման կարծիք հայտնել: Բելառուսում հարցվածների 36 տոկոսն է իշխանություններին կոռումպացված համարել, Ռուսաստանում` 80 տոկոսը:

Վրաստանը մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում ամենալավատեսն է և իր 25 տոկոս արդյունքով հայտնվել է կոռուպցիան խնդիր համարող երկրների ցուցակի ամենավերջում, Վրաստանի հետ նույն տասնյակում է նաև Թուրքիան՝ այստեղ հարցվածների 53 տոկոսն է ասել, որ պետական կառույցներում կոռուպցիան տարածաված է, ամենահոռետեսները մասամբ ազատ մամուլ ունեցողների շարքում Տանզանիան, Քենիան և Հունաստանն են՝ այս երկրներում 10-ից առնվազն 9-ը ասել է, թե իրենց իշխանությունները կոռումպացված են:

Ազատ մամուլ ունեցող երկրներից ամենաշատը Չեխիայի բնակիչներն են իրենց կառավարությանը կոռումպացված համարում՝ այս երկրում հարցված քաղաքացիների 94 տոկոսը ասել է, որ իշխանությունները կոռումպացված են: Այսպիսի արդյունքը զարմանալի չէ՝ Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը վերջերս հրաժարական տվեց կոռուպցիոն սկանդալի պատճառով:

Ազատ մամուլ ունեցող երկրների թվում Շվեդիան, հակառակը, այն երկիրն է, որտեղ ամենաքիչ թվով մարդիկ են իրենց կառավարությանը կոռումպացված համարում՝ հարցվածների ընդամենը 14 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG