Մատչելիության հղումներ

Էդվարդ Միլիտոնյանը՝ Հայաստանի գրողների միության նախագահ


Էդվարդ Միլիտոնյանը Գրողների միության նախագահի ընտրության ժամանակ, Երևան, 20-ը հոկտեմբերի, 2013թ․
Էդվարդ Միլիտոնյանը Գրողների միության նախագահի ընտրության ժամանակ, Երևան, 20-ը հոկտեմբերի, 2013թ․

«Այն ծրագրերը, որ ես եմ առաջարկել, պիտի փորձենք բոլոր մեր գրող ընկերների հետ իրագործել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց միության նորընտիր նախագահը:

Կիրակի օրը Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարում միության նախագահ ընտրվեց, բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի ազգային գրահրատարակչական գործակալության տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով նա ստացավ 199 ձայն:

Միության նախագահի մյուս թեկնածուներից բանաստեղծ, Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն, Մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը ստացավ 100 ձայն, արձակագիր, Հայաստանի ազգային գրադարանի երկարամյա տնօրեն Դավիթ Սարգսյանը` 24, իսկ բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը` 4 ձայն:

Համագումարը սկսվեց շատ բուռն, լարված կրքերի մթնոլորտում: Ձեռնամարտի, իհարկե, չանցան, բայց պատվիրակներից մի քանիսի նյարդերը տեղի տվեցին: Բանաստեղծ Աշոտ Խաչատրյանին, օրինակ, զարմացրել էր, որ համագումարի նախագահությունում տեղ էր գտել գրականագետ Ավիկ Իսահակյանը, նրան մի քանի անգամ հեռացրեցին դահլիճից: Կամ պարզվեց, որ համագումարը քարտուղարություն չի ընտրել`ինչին հետևեցին վեճերը, թե ովքեր պիտի զբաղվեն սղագրությամբ կամ արդյոք անհրաժեշտ է սղագրությունը, եթե բոլոր ելույթները ձայնագրվում ու տեսագրվում են:

Էդվարդ Միլիտոնյանի ստացած 199 ձայներից 40-ը Հայաստանի գրողների միության սփյուռքահայ անդամների ձայներն էին: Հենց Սփյուռքի ձայների պատճառով էլ բավական լուրջ անախորժություններ տեղի ունեցան համագումարի ընթացքում:

Հիշեցնենք, որ այս տարի ամռանը կայացած վերջին համագումարի ժամանակ կանոնադրական փոփոխություններ էին կատարվել՝ ներառվել էր սփյուռքահայ գրողներին Հայաստանի գրողների միության լիիրավ անդամ դարձնելու հարցը:

Գրողների միության անդամների մի մասը, մինչդեռ, գտնում էր, որ սփյուռքահայ գրողները իրավունք չունեն քվե տալու: Ծնունդով լիբանանահայ, վերջին տարիներին Երևանում ապրող բանաստեղծ Սաքո Արեյանը ամբիոնից հայտարարեց, որ քվեարկության իրավունք պետք է ունենան միայն համագումարին ներկա գտնվող սփյուռքահայ գրողները, իսկ հեռակա քվեարկությունն անընդունելի է:

Նախագահությունից, սակայն, հակադարձեցին, որ կանոնադրական փոփոխությունները հաստատվել են նախորդ համագումարում:

«Երբ նրանք կգան այստեղ, ընտրելու իրավունք կունենան: Իսկ եթե այստեղ չեն, չպիտի ընտրեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վրդովված ասաց «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, Երևանի պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայ նոր գրականության ամբիոնի վարիչ, գրականագետ Սուրեն Դանիելյանը:

Այդուհանդերձ, սփյուռքահայ գրողների ձայները չհաշվելու դեպքում էլ Էդվարդ Միլիտոնյանը, ըստ երեկվա քվեարկության արդյունքների, համոզիչ առավելություն ուներ իր մրցակիցներ Հովիկ Հովեյանի, Դավիթ Սարգսյանի և Ռոմիկ Սարդարյանի նկատմամբ:

Իրենք`թեկնածուները միմյանց նկատմամբ շատ բարեկիրթ վերաբերմունք ունեին, որևէ մեկը մյուսին չսևացրեց, որևէ վատ բան չասաց, հանդես եկան իրենց ծրագրային դրույթներով, իսկ դրանք տպագրվել էին երկու օր առաջ՝ «Գրական թերթ»-ի վերջին համարում:

Ընտրությունից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գրողների միության նորընտիր նախագահը ասաց․ - «Հիմա այս պահին կանգնել ծրագրերից խոսել՝ կարծում եմ, մի քիչ հարմար պահ չէ, էլի: Բայց այն ծրագրերը, որ ես եմ առաջարկել, պիտի փորձենք բոլոր մեր գրող ընկերների հետ իրագործել»:

«Իսկ Դուք հավատո՞ւմ էիք Ձեր հաղթանակին», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Միլիտոնյանը արձագանքեց․ - «Անպայման, անպայման»:

Դավիթ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ արդեն շնորհավորել է Էդվարդ Միլիտոնյանին: Գնահատելով ընտրությունների ընթացքը՝ նա ասաց․ - «Այսօրվա համագումարի օրակարգում մեկ հարց կար՝ Գրողների միության նախագահի ընտրությունն էր, բայց հարակից նաև բավական խնդիրներ առաջ եկան՝ ընտրությունների կարգի հետ կապված․ հատկապես դա վերաբերում էր Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների ընտրության իրավունքին: Մնացյալը՝ գրողները ընտրեցին, իրենց ընտրությամբ բավական մեծ տարբերությամբ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը, որին և ես սրտանց շնորհավորեցի և պատրաստ եմ իմ բոլոր կարելիությունները, իմ բոլոր մտահղացումները կիսել նրա հետ, իր հետ իրագործել՝ ի շահ մեր Գրողների միության վարկանիշի բարձրացման, գրողի դերի կարևորման, գրողի կեցվածքի վերականգնման՝ մեր հասարակության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG