Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի դպրոցականները բողոքում են հայի և գնչուհու արտաքսման դեմ


Ֆրանսիա - Դպրոցականների բողոքի ցույցը ի պաշտպանություն Խաչիկ Խաչատրյանի և Լեոնարդա Դիբրանիի, Փարիզ, 17-ը հոկտեմբերի, 2013թ․
Ֆրանսիա - Դպրոցականների բողոքի ցույցը ի պաշտպանություն Խաչիկ Խաչատրյանի և Լեոնարդա Դիբրանիի, Փարիզ, 17-ը հոկտեմբերի, 2013թ․

Փարիզում սովորող 19-ամյա Խաչիկ Խաչատրյանը անցած շաբաթ օրն է արտաքսվել Հայաստան:ԼՐԱՑՎԱԾ

Փարիզում և Ֆրանսիայի այլ բնակավայրերում հազարավոր դպրոցականներ բողոքի ձայն են բարձրացրել հայազգի Խաչիկ Խաչատրյանին և գնչուհի Լեոնարդա Դիբրանիին երկրից արտաքսելու իշխանությունների որոշման դեմ:

Փարիզում սովորող 19-ամյա ուսանող Խաչիկ Խաչատրյանը անցած շաբաթ օրն է արտաքսվել Հայաստան, իսկ 15-ամյա Լեոնարդա Դիբրանին արտաքսվել է հոկտեմբերի 9-ին, հիմա նրա ընտանիքը բնակվում է Կոսովոյում:

France-Presse լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նրանց արտաքսելու դեմ հինգշաբթի օրը հազարավոր դպրոցականներ ու ուսանողներ էին դուրս եկել բողոքի ակցիաների, արգելափակել դպրոցների մուտքերը, համերաշխության կոչեր արել: «Հետ բերեք Խաչիկին ու Լեոնարդային, նրանք տեղացի են», - բացականչել են երթի դուրս եկած դպրոցականները՝ երգելով ու տանելով պաստառներ, պահանջելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի հրաժարականը:

Ըստ կրթության ոլորտի տեղական պաշտոնյաների՝ Փարիզի շուրջ 20 դպրոցներում դասընթացները խաթարվել են, բողոքի ակցիաներ են անցկացվել:

Մայրաքաղաքից դուրս ևս բողոքի ակցիաներ են անցկացվել, մասնավորապես՝ Ֆրանսիայի հարավում, Մանդ քաղաքում շուրջ 100 դպրոցականներ ցույց են անցկացրել այսպիսի կարգախոսով՝ «Լեոնարդան դասարան չի գնում, մենք ևս հրաժարվում ենք դասարան մտել»:

Խիստ քննադատվում է Լեոնարդային բերման ենթարկելու գործողությունը, քննադատողները նշում են, որ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել․ հոկտեմբերի սկզբին դպրոցական էքսկուրսիայի ժամանակ նրան ուժով դուրս են բերել դասընկերներով լիքը ավտոբուսից, այնուհետև ծնողների և հինգ քույրերի ու եղբայրների հետ արտաքսել երկրից: Նրա ընտանիքը արդեն չորս տարի անօրինական բնակվում էր Ֆրանսիայում:

Ներքին գործերի նախարարը քննություն է սկսել, բայց միայն այն բանից հետո, երբ հարցը բարձրացրել են ոչ կառավարական կազմակերպությունները:

Ոստիկանության և ուսուցիչների պնդումներով՝ Լեոնարդային մյուս աշակերտների ներկայությամբ չեն բերման ենթարկել:

Դպրոցականներին արտաքսելը հարցեր է առաջացրել Ֆրանսիայի միգրացիոն քաղաքականության նկատմամբ, իշխող Սոցիալիստական կուսակցության ներսում ևս տարաձայնություններ է առաջացրել:

Ընդդիմադիր որոշ պատգամավորներ պաշտպանում են իշխանությունների գործողությունները՝ համարելով, որ եթե անօրինական բնակվողները չարտաքսվեն երկրից, ինչպես ուզում են դպրոցականները և որոշ քաղաքական գործիչներ, ապա դա վտանգավոր ուղերձ կլինի, դա կընկալվի, որ Ֆրանսիան ողջունում է անօրինական ներգաղթը: Բայց իշխող Սոցիալիստական կուսակցության անդամները խիստ քննադատել են կառավարությանը, մասնավորապես՝ ներքին գործերի նախարարին:

Ներքին գործերի նախարար Մանուել Վալսը ծնվել է Բարսելոնայում, նա Ֆրանսիա է տեղափոխվել 20 տարեկան հասակում:

Ֆրանսիայից արտաքսված դպրոցական Լեոնարդա Դիբրանին Կոսովոյի Միտրովիցե քաղաքից հարցազրույց է տվել մամուլին ու խնդրել, որ թույլատրեն վերադառնալ Ֆրանսիա և շարունակել ուսումը:

Խաչիկ Խաչատրյանը արտաքսվել է տհաճ դեպքից հետո


Խաչիկ Խաչատրյանը արտաքսվել է և Հայաստան ուղարկվել հոկտեմբերի 12-ին փարիզյան հանրախանութներից մեկում գողության մեջ բռնվելուց հետո:

Le Monde թերթը այսօրվա համարում ծավալուն անդրադարձ է կատարել այս իրադարձություններին՝ կանգ առնելով նաև Խաչիկ Խաչատրյանի դեպքի վրա:

Ըստ թերթի փոխանցած տեղեկությունների, Խաչիկը ստացել է իր բնակության վայրի՝ Փարիզի 18-րդ թաղամասի քաղաքապետ, Սոցիալիստական կուսակցության պատգամավոր, ներքին գործերի նախկին նախարար Դանիել Վայանի նեցուկը: Վերջինս ներկայիս նախարար Մանուել Վալսին խնդրել է վերանայել հայազգի երիտասարդի թղթածրարը՝ պարզելու, թե արդյոք հնարավոր չէ՞, որ նա վերադառնա Ֆրանսիա ուսումը շարունակելու համար: Վայանը բացատրել է նաև, թե 18 տարեկանում գտնվելով Ֆրանսիայում և զինվորական ծառայությունը կատարած չլինելով իր երկրում՝ երիտասարդը կարող է խիստ պատժի ենթարկվել իբրև դասալիք:

Արդեն իսկ, ըստ նույն թերթի տեղեկությունների, Հայաստան հասնելուն պես Խաչիկ Խաչատրյանը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել՝ նոյեմբերի սկզբին զինվորական ծառայության մեկնելու համար:

Խաչիկ Խաչատրյանը Ֆրանսիա էր մեկնել 2011 թվականի փետրվարին՝ ծնողների և քրոջ հետ միասին: Քաղաքական ապաստանի նրանց պահանջները մերժման էին արժանացել 2012 թվականի մարտին և այս տարվա հունվարին:

«Խաչիկին՝ Փարիզ, իսկ Վալսին՝ Հայաստան»


Ֆրանսիացի դպրոցականները երեկ կրում էին պաստառներ, որոնց վրա կարելի էր կարդալ՝ «Ազատե՛ք Խաչիկին», կամ՝ «Խաչիկին՝ Փարիզ, իսկ Վալսին՝ Հայաստան»:

Դպրոցականների բողոքը ուղղված է հատկապես ներքին գործերի նախարարի դեմ, և նրանք պահանջում են Մանուել Վալսի հեռացումը պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG