Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 18-ի մամուլ


«Չորրորդ իշխանություն»-ը գրում է․ - «Միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի (Walk Free Foundation) ուսումնասիրությունների համաձայն, ժամանակակից ստրկության վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 57-րդ տեղը: Հայաստանում, ըստ այդ հետազոտության, 10․678 ստրուկ կա: Թե ինչ մեթոդներով են հաշվել ու նման ճշգրիտ թիվ նշել՝ դժվար է ասել, բայց լայն իմաստով՝ Հայաստանում ստրուկների թիվն անհամեմատ ավելի մեծ է: Եթե, իհարկե, համարենք, որ ստրուկը ոչ թե նա է, ով շղթայված ոտքերով աշխատում է որևէ պլանտացիայում կամ քարհանքում, այլ նա, ով գիշեր-ցերեկ աշխատում է չնչին վարձատրության դիմաց, որով չի կարող նույնիսկ օրը երեք անգամ սնվել, ով պարտավոր է կատարել տիրոջ ցանկացած հրաման, թե չէ դրանից նույնպես կզրկվի, և ով զրկված է ազատ տեղաշարժվելու իրավունքից: Իսկ Հայաստանում այդպիսիք շատ-շատ են»:

«Հայկական ժամանակ»-ը զուգահեռներ է անցկացրել Ադրբեջանի քաղաքացի, ռուս երիտասարդի սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովի և Հայաստանի քաղաքացի, Ռուսաստանում ավտովթարի պատճառ դառնալու մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ կատարվածի միջև՝ գրելով․ - «Ադրբեջանի արտգործնախարարությունը բավականին խիստ նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը` բողոքելով Օրհան Զեյնալովի նկատմամբ բռնությունների կատարելու և առանց դատարանի վճռի նրան լրատվամիջոցներով որպես մարդասպան ու հանցագործ ներկայացնելու համար: Զեյնալովի պաշտպանությամբ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմը և այլ կառույցներ: Հայաստանի ԱԳՆ-ն նոտա չհղեց Ռուսաստանին, Հայաստանի նախագահի աշխատակազմը լռեց: Ու այդպես մինչ օրս: Այս ընթացքում Հրաչյա Հարությունյանը առողջական խնդիրներ ունեցավ, ու առավելագույնը, որ պետությունն անում է ակամայից դժբախտության մեջ հայտնված իր քաղաքացու համար, օմբուդսմենի ինստիտուտի միջոցով ռուսական բանտի կլյուչնիկների հետ կապ պահպանելն է: Համեմատությունն առավել քան խոսուն է: Համեմատությունը Հայաստանի օգտին չէ»:

«Ժամանակ» օրաթերթն անդրադառնում է վերջին օրերին տեղի ունեցած կադրային փոփոխություններին. - « Սերժ Սարգսյանը հերթական տեղաշարժերն է կատարել իշխանական համակարգում: Ազատվել են երկու փոխոստիկանապետեր՝ Սաշիկ Աֆյանն ու Հովհաննես Հունանյանը, իսկ նրանց փոխարեն նշանակվել են Անուբախ Համբարյանը Լոռիից և Սամվել Հովհաննիսյանը նախագահական նստավայրից: Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվել է նաև բարձրաստիճան պաշտոնյաների Էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը ու նշանակվել նոր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի տեղակալ: Այս հերթական տեղաշարժերն իշխանական համակարգում, ըստ էության, հանդիսանում են վկայությունն այն բանի, որ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ իշխանական համակարգի կազմի այն օպտիմալ տարբերակի փնտրտուքի մեջ, որը այդ համակարգը նրա համար կդարձնի հնարավորինս կամ գուցե նաև լիովին վստահելի: Առայժմ այս փոփոխությունները վկայում են, որ Սերժ Սարգսյանն այս վստահությունը համակարգում կամ ինքնավստահությունը չի զգում»:

«Ժողովուրդ»-ը գրում է. - «Հայաստանի կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտների խնդրին: «Մենք քաղաքացիների որոշ խմբերի սոցիալական բնակարանով ապահովելու պարտավորություն ունենք, և շատ ավելի մատչելի կլինի, եթե ավարտին հասցնենք անավարտ շինարարությունը, այլ ոչ թե զրոյից նոր շինարարություն սկսենք: Եթե կան այդպիսի անավարտ օբյեկտներ, ապա նպատակահարմար է դրանց վրա գումար ներդնել», - վարչապետի խոսքերն է մեջբերում «Ժողովուրդ»-ը` մեկնաբանելով. - «Այսպիսով կարելի չկասկածել, որ առաջիկայում ականատեսը կլինենք տարբեր անավարտ շինությունները սոցիալական բնակարանաշինության ծրագրի վրա «սաղացնելու» գործընթացին: Ստացվում է, որ պետությունը սկսել է այս կամ այն օբյեկտի շինարարությունը` այն նախագծելով որպես, օրինակ, արտադրամաս կամ հանրային նշանակության շենք, սակայն չունենալով համապատասխան միջոցներ, մինչև վերջ չի կարողացել հասցնել շինարարությունը: Եվ հիմա Տիգրան Սարգսյանն առաջարկում է, որ պետությունը գումարներ ծախսի այդ կիսակառույց օբյեկտները վերապրոֆիլավորելու և բազմաբնակարան շենքեր ստանալու համար: Պարտադիր չէ ճարտարագետ լինել հասկանալու համար, որ բնակելի և հանրային նշանակության շենքերի միջև տարբերությունը, մեղմ ասած, մեծ է, իսկ դրանց վերափոխումը` կրկնակի ծախսատար»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - « Պատգամավորներին շուտով հրամցնելու են էթիկայի կանոնագիր, որպեսզի նրանք իրենց մի քիչ ավելի զուսպ պահեն խորհրդարանի դահլիճում և միջանցքում, այդ թվում նաև՝ լրագրողների հետ: Ինձ թվում է՝ անիմաստ զբաղմունք է: Որովհետև էթիկայի, բարոյականության ցանկացած կանոնագիր ենթադրում է, որ դրա հետ առնչություն ունեցող սուբյեկտները գիտակցում են փաստաթղթում թվարկած նորմերի նշանակությունն ու անհրաժեշտությունը և կամավոր ձևով պատրաստ են այդ նորմերին հետևել: Նայեք մեր պատգամավորների մեծ մասի դեմքերին և որոշեք՝ արդյոք նրանք համապատասխանո՞ւմ են վերոհիշյալ պահանջներին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG