Մատչելիության հղումներ

Վրաստանում տեղական դիտորդները մի շարք խախտումներ են արձանագրել


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Թբիլիսիում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Թբիլիսիում
Վրաստանում հոկտեմբերի 27-ին նշանակված նախագահական ընտրություններին առաջադրված է 23 թեկնածու, սակայն, ըստ փորձագետների և անցկացված հարցումների, պայքարը կծավալվի նրանցից երեքի միջև:

Նրանք են` իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, «Միասնական Վրաստան» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն և գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիդ Բաքրաձեն:

Նրանցից վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ առայժմ հանդիպում է ունեցել միայն Նինո Բուրջանաձեն: Ի թիվս այլ հարցերի, նա խոստացել է ամեն բան անել, որ երկրում ապրող ազգային փոքրամասնությունները լավ տիրապետեն վրացերենին:

Համայնքի ներկայացուցիչ Լևոն Իսախանյանի կարծիքով, վրացերենի վատ իմացության պատճառով հայերը չեն կարողանում լիարժեք մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին. - «Եվ այս պատճառով իրենք զրկված են տարբեր հնարավորություններից: Իրենցից չկախված պատճառներով իրենք երբեք չեն ունեցել հնարավորություն սովորել լեզուն: Եվ քանի որ չգիտեն լեզուն, չեն կարող զբաղեցնել տարբեր պետական պաշտոններ և այլն: Սա, մենք կարծում ենք, ոչ ուղիղ, բայց խտրականություն է»:

Իսախանյանի խոսքով, փորձը ցույց է տալիս, որ ավանդաբար հայկական համայնքը ձայն է տալիս իշխող քաղաքական ուժին:

Իշխող կոալիցիայի ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ թեև Վրաստանն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելի, ինչը ենթադրում է նախագահի լիազորությունների զգալի սահմանափակում, առաջիկա ընտրությունները պակաս կարևոր չեն. - «Ամեն դեպքում նախագահը երկրի և արտաքին քաղաքականության ղեկավարն է, նաև Զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Միջազգային հանրության առջև նա է ներկայացնում Վրաստանը»:

Դիտորդներն արդեն նախընտրական քարոզարշավի ընթացքում մի շարք խախտումներ են արձանագրել: Տեղական դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ Նինո Ջանաշիայի փոխանցմամբ` ի տարբերություն անցած տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի, զանգվածային խախտումներ չեն արձանագրվել: Այդուհանդերձ` գործի է դրվում վարչական ռեսուրսը, անճշտություններ կան ընտրացուցակներում, ճնշումներ են կիրառվում որոշ լրատվամիջոցների վրա:

«Մենք նաև տեսնում ենք պետական ծառայողների, ովքեր ակտիվորեն ներգրավված են նախընտրական պրոցեսում, մինչդեռ դա հակասում է Վրաստանի օրենքներին: Սա հիմնականում տեղի է ունենում իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումների ժամանակ», - նշեց նա` հավելելով, որ միայն վերջին երեք ամսվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմիններում մոտ երկու տասնյակ ղեկավարներ փոխարինվել են իշխող կոալիցիայի անդամներով կամ համակիրներով»:
XS
SM
MD
LG