Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները խուսափեց տեխնիկական դեֆոլտից


Հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոննելը խոսում է վերջին պահին դեմոկրատների հետ ձեռք բերված համաձայնության մասին, հոկտեմբերի 16, 2013
Հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոննելը խոսում է վերջին պահին դեմոկրատների հետ ձեռք բերված համաձայնության մասին, հոկտեմբերի 16, 2013
Վերջին պահին ձեռք բերված համաձայնությամբ Միացյալ Նահանգները խուսափեց տեխնիկական դեֆոլտից:

Երեկ երեկոյան վերջապես հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության եկան պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու և արդեն երկու շաբաթից ավելի մասամբ պարապուրդի մատնված կառավարության ֆինանսավորումը վերսկսելու հարցում:

Արդեն կեսգիշերին փաստաթուղթը ստորագրեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և շնորհակալություն հայտնեց օրենսդիրներին փոխզիջման և համաձայնության հասնելու համար, ինչպես նաև հայտարարեց, որ այժմ ժամանակն է ամերիկացիների վստահությունը հետ բերելու:

Դեմոկրատների և հանրապետականների համաձայնությունը, սակայն, ժամանակավոր է և նախատեսում է կառավարության ֆինանսավորում մինչև հաջորդ տարվա հունվարի 15-ը, իսկ պետական պարտքի հաստատված նոր վերին շեմը գործելու է մինչև 2014 թվականի փետրվարի 7-ը:

Այս որոշումը պարզապես լրացուցիչ ժամանակ է ապահովում բանակցությունները շարունակելու և երկրի բյուջեի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար: Եթե այս ժամանակահատվածում հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության չհասնեն տարաձայնությունների արմատը հանդիսացող առողջապահական բարեփոխումների` այսպես կոչված Obamacare ծրագրի շուրջ, ապա հաջորդ տարվա սկզբին Միացյալ Նահանգներին կրկին կսպառնա սնանկ ճանաչվելու վտանգը և կառավարությունը կրկին ստիպված կլինի հարկադիր արձակուրդի ուղարկել միլիոնավոր մարդկանց:

Նախագահ Օբամայի առաջարկած առողջապահական ռեֆորմը հանրապետականները ամեն կերպ փորձում են տապալել, մինչդեռ դեմոկրատները այն իրենց գլխավոր ծրագիրն են համարում և մտադիր են հասնել դրա հաստատմանը:

Սենատում համաձայնության հանգելուց հետո ԱՄՆ խորհրդարանի վերին պալատում փոքրամասնություն կազմող հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոննելը չի թաքցրել, որ իրենք պայքարելու են մինչև վերջ և ամեն ինչ անելու են, որ նախագահ Օբամայի առաջարկած առողջապահական ռեֆորմը չհաստատվի:

«Հանրապետականները վճռական են` այս սարսափելի օրինագիծը` Obamacare-ը չեղյալ համարելու հարցում», - հայտարարել է նա:

Սենատում մեծամասնություն կազմող դեմոկրատների առաջնորդ Հարրի Ռեյդը այս համաձայնությունը պատմական է որակել:

Նախագահ Օբաման կոչ է արել օրենսդիրներին վերջ դնել իրենց հակամարտությանը և «ճգնաժամերի միջոցով կառավարելու սովորությանը», և պատրաստակամություն է հայտնել աշխատել յուրաքանչյուրի հետ, ով կառաջարկի տնտեսությունը բարձրացնելու, միջին խավն ուժեղացնելու և ֆինանսական վիճակը բարելավելու գաղափարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG