Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հայցը


ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հայցը
please wait

No media source currently available

0:00 0:01:50 0:00
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հայցը։

Հեռուստաընկերությունը, հիշեցնենք, դատարանում մոտ երկու տարի վիճարկեց Հարկայինի կազմած ակտի անհիմն լինելու հանգամանքը։ Հարկայինի կազմած ակտով «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը տուգանվել էր մոտ 26 միլիոն դրամով։ Դատական որևէ ատյանում հայցը չբավարարվեց, ուստի սպառելով ներպետական դատական բոլոր ատյանները, 2009 թվականին հեռուստաընկերությունը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«ԳԱԼԱ»-ի շահերի պաշտպան Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց հեռուստաընկերության հայցադիմումի առարկան։

«Հիմնական պահանջը եղել է, որ Եվրոպական դատարանը ճանաչի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, խոսքը արդար դատաքննության մասին է, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ներկայացուցիչը հնարավորություն չի ունեցել արդար դատաքննության բոլոր երաշխիքների ապահովմամբ պահպանել հեռուստաընկերության շահերը, այդ թվում՝ կանչել փորձագետների, նաև այն մարդկանց, ովքեր «ԳԱԼԱ»-ի դեմ որոշակի տեղեկատվություն էին տրամադրել՝ կապված հարկերը թաքցնելու և այլի հետ»,- ասաց Մարուքյանը։

Իսկ ինչ վերաբերում է գումարի պահանջին՝ ապա.- «Արդարացի փոխհատուցման փուլում նոր «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը պետք է ներկայացնի, թե ինչ է պահանջում և որպես նյութական վնասի, և որպես բարոյական վնասի փոխհատուցում»։

«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում կարծում են, որ սա կարող է դառնալ նախադեպ։

«Գործը, իմ կարծիքով, կարևոր է այն առումով, որ այսուհետ իշխանությունները դասեր կքաղեն և կփոխեն իրենց հարաբերվելու լեզուն լրատվամիջոցների հետ, կհասկանան, որ շինծու կերպով հարկային ստուգումները, դատարանները, տեղական իշխանությունների ռեսուրսները գործադրելը լրատվամիջոցի դեմ և փորձել լռեցնել տվյալ լրատվամիջոցին, անարդյունավետ գործ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց galatv.am կայքի խմբագիր Արմենուհի Վարդանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG