Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 17-ի մամուլ


«Առավոտ»-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ևս մեկ անգամ փոխել կողմնորոշումն ու վերադառնալ Եվրամիության հետ ասոցացման ուղուն. - «Միշտ էլ շանս կա՝ անիվը ետ պտտացնելու և այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Մոսկվայում բանակցություններ է վարում, դրա ապացույցն է: Պարզ է, ՀՀ վարչապետը Մոսկվայում փորձում էր բացատրել, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ՌԴ-ի կամ Հայաստանի համար ոչ մի վտանգ չի պարունակում: Որքան հասկանում եմ, ՌԴ-ն չի համաձայնվում: Դա այլ հարց է: Բայց, շատ փոքր շանս, որ Հայաստանն այնուամենայնիվ կփոխի իր դիրքորոշումը՝ կա»:

Արձագանքելով «գենդերային օրենքի» դեմ նախօրեին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիային` «Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանը կեղեքում են սոցիալական անհավասարությունը, օլիգոպոլ տնտեսությունը, մենաշնորհները, ցինիկ, անտարբեր, տգետ պաշտոնյաները, կեղեքում է վերից վար կոռումպացված կառավարման համակարգը, իսկ հասարակական ուժերը այս ամենի դեմ պայքարի շուրջ համախմբվելու փոխարեն, աղմուկ են հանում ինչ-որ գենդերային անհավասարության շուրջ: Հասարակական ռեսուրսների օպտիմիզացիան ներկայումս Հայաստանի համար դարձել է չափազանց լուրջ խնդիր, և ինչպես ցույց են տալիս զարգացումները, այդ խնդիրը աստիճանաբար խորանում է»:

Թեման շարունակում է «168 ժամ»-ը` հատկապես կենտրոնանալով վերոհիշյալ բողոքի գործողություններին հոգևորականների մասնակցության հանգամանքի վրա. - «Այն, որ հոգևորականները ևս կարող են մտահոգվել «գենդերային այլասերման» վտանգով, նորմալ է: Նորմալ կարելի էր համարել նաև նրանց մասնակցությունը տարբեր բողոքի ակցիաներին, եթե դա լիներ հոգևորականների հերթական ընդվզումը հասարակության դեմ ուղղված հերթական ոտնձգության դեմ: Բայց մեր եկեղեցին ու հոգևորականները գրեթե անհաղորդ են տարիներ շարունակ հասարակությանը թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես «այլասերող» տասնյակ երևույթներին: Չնչին բացառություններով, դժվար է հիշել դեպքեր, երբ, ասենք, հոգևորականները նման կերպ իրենց բողոքն արտահայատեին 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ Երևանում տասը մարդ սպանվեց` իշխանությունը պահպանելու համար: Հոգևորականները լռում են այն ժամանակ, երբ իշխանության հովանավորությունը վայելող մարդասպաններն ազատ են արձակվում բանտից, նրանք լուռ են նաև այն դեպքերում, երբ եկեղեցու բարձրաստիճան այրերը սկանդալների կենտրոնում են հայտնվում: Դրանք վտանգավոր թեմաներ են, ու հոգևորականների ընդվզումը կարող է սխալ հասկացվել իշխանությունների կողմից»:

Անդրադառնալով Զորի Բալայանի նամակին` «Ժողովուրդ» թերթը գրում է. - «Թե որն էր իրականում այս աղմկահարույց նախաձեռնության դրդապատճառը, թերևս այդպես էլ մնա գաղտնիք: Սակայն, անկախ շրջանառվող ամենատարբեր տեսակետներից, գրեթե բոլորը համակարծիք էին մի բանում` այդ նամակին Կրեմլից հաստատ արձագանք կլինի, ինչից ելնելով էլ հնարավոր կլինի հասկանալ, թե ի վերջո որտեղից է փչում քամին: Բայց, ինչպես երեկ պարզ դարձավ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի պարզաբանումից, Ռուսաստանի նախագահի վարչակազմում նամակի մասին իմացել են մամուլում եղած հրապարակումներից, և որևէ արձագանք այդ կապակցությամբ չի նախատեսվում: Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ քամին Կրեմլից չէր փչում: Սակայն նույն հավանականությամբ էլ կարող է նշանակել, որ քամին փչել է, գուցե թե` ընդամենը մի ծեր հրապարակախոսի գլխում: Ամեն դեպքում այս նամակը մի դրական կողմ ունեցավ. պարզվեց, որ անգամ մեզ համար ամենակարևոր խնդրի` Ղարաբաղի շուրջ հասարակության մեջ չկա ձևավորված միասնական մոտեցում: Ավելին. հետևելով հայրենի ցեղակրոն, ազգայնական և պահպանողական ուժերի ներկայացուցիչների այս օրերի կրավորական կեցվածքին` պարզ է դառնում, որ մեր երկրում իշխանությունն ու ընդդիմությունը ձեռք-ձեռքի տված պատրաստ են ամեն ինչի` սեփական բիզնեսն ու քաղաքական դիրքերը պահպանելու համար»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի հետ: Հարց. - «Բաց նամակի ի հայտ գալու շարժառիթների շարքում նշվում է, որ Զորի Բալայանը, տեղեկացված լինելով Ղարաբաղյան ճակատում սպասվող աղետալի զարգացումների մասին, այդպիսով փորձում է կանխել մեր գլխին կախված մահացու վտանգը»։ Պատասխան. - «Քանի դեռ Ղարաբաղի հարցը չի ստացել միջազգայնորեն ճանաչված լուծում, ամեն օր էլ վտանգ կա։ Ավելին՝ պատմությունը ցույց է տալիս, որ շատ հաճախ պայմանագրերի ստորագրումից հետո անգամ վտանգը չի վերանում։ Նույն պահին, երբ հայ-ռուսական բարեկամությունը թուլանա կամ Ռուսաստանը խոցելի դառնա և ստիպված լինի հետ քաշվել տարածաշրջանից, անպայման փորձելու է հասնել իր նպատակին՝ վերացնել հայկական տարրը աշխարհի երեսից և գրավել մեր բոլոր տարածքները»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG