Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները անթույլատրելի են համարում խոշտանգողների համաներումը


Իրավապաշտպանները անթույլատրելի են համարում խոշտանգողների համաներումը
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00
Ազգային ժողովի հայտարարած վերջին համաներմամբ այս շաբաթ ազատ են արձակվել նաև Երևանի ոստիկանության երկու աշխատակիցներ, ովքեր մեղավոր էին ճանաչվել քաղաքացուն խոշտանգելու և ծեծելու համար։

Իրավապաշտպանները սա անթույլատրելի են որակում և ընդգծում, որ այս քայլով Հայաստանի իշխանություններ, չեն կատարում միջազգային ատյանների, մասնավորապես, ՄԱԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները։

Օրերս համաներմամբ ազատ արձակված երկու օպերլիազորները նախ երեք տարվա ազատազրկման էին դատապարտվել՝ ծեծի միջոցով ինքախոստովանական ցուցմունքներ կորզելու համար, ապա հենց դատարանի դահլիճից ազատ արձակվել։ Մինչդեռ ծեծի ենթարկված Ռոբերտ Հովսեփյանը դեռևս ճաղերի ետում է՝ գողություն կատարելու համար։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը այս առնչությամբ հայտարարություն է տարածել։ Ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը «Ազատության» հետ հարցազրույցում իր մտահոգությունն է հայտնում։

«Քրեական օրենսգրքի խոշտանգումների հոդվածը չի համապատասխանում «խոշտանգում» եզրույթին, որ սահմանված է ՄԱԿ-ի կոնվենցիայով, և այստեղից են սկսվում խնդիրները։ Այսինքն եթե արդարադատության նախարարը բերում է համաներման նախագիծ, նախարարին ասում էլ ես, որ այ, այս հոդվածով չի կարելի կիրառել համաներում, ու ինքը միևնույն է՝ առաջ է տանում այս նախագիծը, դա նշանակում է, որ սա գիտակցված քայլ էր»,- ասում է Դանիելյանը։

Անդրադառնալով գողության համար դատապարտված Ռոբերտ Հովսեփյանին՝ Դանիելյանն ասում է.- «Նրան ձերբակալել են, խոշտանգել են, խոստովանական ցուցմունքներ են կորզել յոթը դեպքի համար, հետո դատարանում այդ յոթ դեպքից վեցի մասին որևէ ապացույց չի հաստատվել, մեկ դեպքով՝ լափթոփ գողանալու համար դատապարտել են յոթ տարվա ազատազրկման։ Մենք յոթ տարի դատապարտումը այս դեպքում գնահատում ենք որպես հաշվեհարդար, որովհետև այն քիչ մարդկանցից էր, որ հետևողականորեն բողոքեց, որ իրեն խոշտանգել են։ Հիմնականում մեր քաղաքացիները վախենում են բողոքել»։

Իրավապաշտպանները փաստում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ խոշտանգումների մեջ մեղադրվող ոստիկանները համաներմամբ ազատ են արձակվում։ Երկու տարի առաջ էլ ներում էին շնորհել Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի գործով անցնող ոստիկաններից մեկին, մյուսի պատժաչափը՝ կրճատել։

Խալաֆյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն «Ազատությանն» ասաց, որ պատմությունը կրկնելով՝ Հայաստանի իշխանությունները պարզապես խուսափում են կատարել միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունները։

«Նաև չեն կատարում ՀՀ սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունը՝ խոշտանգումները պետք է կանխարգելվեն, իսկ դրա բաղադրատարրերից մեկն այն է, որ խոշտանգող անձնավորությունը պետք է իր պատիժը կրի ամբողջությամբ։ Նրան չի կարելի ներում շնորհել, նրան չի կարելի ազատ արձակել համաներմամբ»,- ասաց Զեյնալյանը։

Իրավապաշտպաններն ասում են, որ այս խնդրի մասին խոսել են մինչև համաներման որոշման ընդունումը։ Դանիելյանի խոսքով մտահոգությունների մասին տեղեկացրել են նաև Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին։ Մարուքյանն իր հերթին հարցը բարձրացրել է խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նիստում, սակայն՝ ապարդյուն։

«Քննարկվել է արդարադատության նախարարի հետ, նաև հանձնաժողովի նիստում եմ ես դա ասել, բայց վերջնական տարբերակում չի ներառվել։ Պատճառաբանություններ չեն եղել, ուղղակի ասվել է, որ առաջարկությունը չի ընդունվել։ Բայց եթե արդեն երկրորդ անգամ է, որ համաներումը տարածվում է բռնություն գործադրողների վրա, դա արդեն պրակտիկա է դառնում, որը շատ վատ է»,- գնահատեց Մարուքյանը։

Ի դեպ, ՄԱԿ-ի՝ խոշտանգումների դեմ կոմիտեն դեռևս անցած տարի էր Հայաստանի կառավարությանը հորդորել չկիրառել համաներումը քաղաքացիների ծեծած պաշտոնյաների նկատմամբ։ Այս պայմաններում, ըստ իրավապաշտպանների, ելքը մնում է միայն Եվրոպական դատարանը, որտեղ արդեն մեկ անգամ նախադեպային որոշում է կայացվել և Թուրքիայի իշխանությունները մեղավոր են ճանաչվել նման մի գործով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG