Մատչելիության հղումներ

Հայաստանի Գիտությունների ակադեմիան նշում է 70-ամյակը


ԳԱԱ կազմավորման 70-ամյակին նվիրված նստաշրջանի նախագահությունում:
ԳԱԱ կազմավորման 70-ամյակին նվիրված նստաշրջանի նախագահությունում:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) այս տարի նշում է հիմնադրման 70-ամյակը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943 թվականին այդ տարիների մեր լավագույն գիտնականների՝ Հովսեփ Օրբելու, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի և այլոց ջանքերով հիմնադրված ակադեմիան անցած տարիների ընթացքում աշխարհին ներկայացրեց մեծ հռչակ ու հեղինակություն վայելող գիտնականների մի ամբողջ խումբ:

Հոբելյանական տոնակատարություններին մասնակցում են ավելի քան մեկուկես տասնյակ երկրների պատվիրակություններ, որոնց կազմում հիմնականում հեղինակավոր գիտնականներ են:

Հյուրերն այսօր մասնակցեցին ԳԱԱ֊ի հոբելյանական նստաշրջանին, որի ընթացքում մեկ տասնյակից ավելի գիտնականների հանձնվեցին տարբեր մրցանակներ՝ ՀՀ կառավարության, ԱԺ-ի, Կրթության և գիտության նախարարության, Պաշտպանության նախարարության կողմից:

Ավելի ուշ՝ Ալ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում տեղի ունեցած հոբելյանական հանդիսության ժամանակ պետական պարգևներ ու մրցանակներ հանձնվեցին մի շարք գիտնականների:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մասնակցում էր ԳԱԱ-ի հոբելյանական նստաշրջանին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե հարկավոր է երիտասարդների ուշադրությունը սևեռել գիտական աշխատանքին․ - «Մանավանդ, որ մենք այսօր տեսանք, թե հայ գիտությունը ինչ առարկայական արդյունքներ է առաջարկում, որից օգտվում է նաև բնակչությունը, արտադրությունը: Ունենք բավականին հետաքրքիր աշխատանքներ»:

Հարցին, թե երբ կլուծվի գիտության ոլորտի բավարար ֆինանսավորման խնդիրը, Տիգրանն Սարգսյանն արձագանքեց, թե ֆինանսավորման խնդիր ունի նաև Միացյալ Նահանգների «սիլիկոնյան հովիտը»․ - «Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես ապահովել արդյունավետ կապը գիտության, ֆինանսավորողների, արտադրության: Այդ շղթան պետք է ստեղծենք, որպեսզի լինի հետաքրքրություն, բացի պետությունից, նաև մասնավոր հատվածը ֆինանսավորի գիտությունը»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով ակադեմիայի համակարգի բարեփոխումներին՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց․ - «Ակնհայտ է, որ ակադեմիական համակարգը այսօր ունի շարունակական բարեփոխումների կարիք: Այդ բարեփոխումները մեկնարկել են տարիներ առաջ, կրել են ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային բնույթ: Ես գուցե համամիտ պիտի լինեմ այն պնդումներին, որ այդ բարեփոխումներ տեմպը պետք է արագացնել»:

ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը անցած 70 տարիների մեծագույն ձեռքբերումը համարում է բուն ակադեմիան: Հիմանխնդիրներից Մարտիրոսյանն առանձնացրեց «ենթակառուցվածքների արդիականացումը» և «աշխատավարձը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG