Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը մեկնել է Եկատերինբուրգ՝ հանդիսապետելու Ս. Կարապետ եկեղեցու օծումը


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Շաբաթ առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և Եկատերինբուրգի հայ համայնքի հրավերով մեկնել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ` հանդիսապետելու Եկատերինբուրգի նորակառույց Ս. Կարապետ եկեղեցու օծման արարողությունը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Գարեգին Բ Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սվերդլովյան մարզի նահանգապետարան, ուր տեղի է ունեցել Կաթողիկոսի և Սվերդլովյան մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ՀՀ ՊՆ փոխնախարար Մելս Չիլինգիրյանը:

Նահանգապետը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին նորակառույց եկեղեցու բացման առիթով` վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կլինի հայ համայնքի հոգևոր կյանքի համար:

Իր հերթին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալ ոգու և ջերմ ընդունելության համար, անդրադարձել է երկու հավատակից ժողովուրդների դարավոր բարեկամական ու եղբայրական հարաբերություններին և ներկայիս սերտ համագործակցությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ է փաստել, որ Ռուսաստանում հայերը կարողանում են ազատորեն կազմակերպել իրենց հոգևոր-ազգային կյանքը, իրենց կարևոր ներդրումը բերել Ռուսաստանի զորացմանն ու առաջընթացին:

Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն ի դեմս նահանգապետի իր օրհնությունն ու գնահատանքն է հայտնել Սվերդլովյան մարզի նահանգային և քաղաքային իշխանություններին` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող բարյացակամ վերաբերմունքի համար, որի վկայություն է նորակառույց Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին և հայ համայնքի մշակութային արգասավոր կյանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG