Մատչելիության հղումներ

Հաշմանդամներին շարունակում է մտահոգել աշխատատեղերի բացակայության հարցը


Հաշմանդամներին աշխատատեղեր տրամադրող ընկերությունների թիվը Հայաստանում ավելացել է, սակայն այդքանով հաշմանդամների աշխատատեղերի հարցը չի լուծվում:

Այդ մասին ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Շուշան Նահապետյանը:

Հենաշարժողական խնդիրներ ունեցող Մերի Մանուկյանը ապագա մանկավարժ է, տեսողության խանգարում ունեցող երեխաների հետ է աշխատելու, սակայն երկու ամիս առաջ աշխատանքի ընդունվեց արտակարգ իրավիճակների նախարարության վիճակագրության բաժին: Ասում է, որ աշխատելու իր առաջին փորձն է, մինչ այդ, իր խոսքով, «թվում էր՝ չեն ընդունի»:

ԱԻՆ-ում որպես 911 ծառայության օպերատոր աշխատող, հենաշարժողական խնդիրներ ունեցող Ալբերտ Գորանցյանն ասում է, որ, անշուշտ, Հայաստանում գործող տարբեր ընկերություններ տեղյակ են երկրում հաշմանդամների խնդիրների մասին: Ըստ նրա՝ հաշմանդամների աշխատատեղերի ավելացման կարևոր գործոն է գործատուի ցանկությունը, և այն կարևոր գործոնը, մինչդեռ նման ցանկություն քչերն են հայտնում:

ԱԻՆ-ի մեկ այլ աշխատակից՝ Գոհար Նավասարդյանը, ով ևս տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, իր գործընկերոջ հետ համակարծիք է: Նրա խոսքով՝ հաշմանդամներին աշխատանքի ընդունելը Հայաստանում ոչ թե բարեգործական ու մարդասիրական նպատակ պետք է հետապնդի, այլ դառնա պարտադիր պայման։

«Մարդիկ վախենում են հաշմանդամություն ունեցող անձին պատասխանատու գործ վստահել: Մեզ մոտ կարծրատիպ կա՝ եթե հաշմանդամություն ունի, ուրեմն օգնության կարիք ունի ու ինքնուրույն ոչինչ չի կարող անել: Այդ կարծրատիպի ազդեցության տակ շատ գործատուներ աշխատանքի չեն ընդունում»,- նշեց Գոհար Նավասարդյանը:

2012 թվականից Արտակարգ իրավիճակների նախարարությունը սկսեց ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց՝ ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունելու գործընթացը, նախ 30 աշխատատեղ ստեղծվեց սայլակով տեղաշարժվող անձանց համար: Բացի ԱԻՆ-ից՝ այժմ Երևանում բնակվող մոտ 60.000 հաշմանդամներից ոմանց աշխատատեղեր են տրամադրում նաև որոշ սակավաթիվ ընկերություններ:

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Շուշան Նահապետյանը նշեց նաև, որ հաշմանդամին աշխատանքի ընդունելու խնդիրը մեծապես կապված է դեռևս մանկական տարիքից դպրոցներում և մանկապարտեզներում համապատասխան պայմանների ապահովման հետ: Մինչդեռ այս հաստատություններում, ինչպես նաև բուհերում, բացակայում են թեքահարթակներն ու սանհանգույցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG